Քաղաքական

18.08.2021 15:58


Գորիսի փոխհամայնքապետների գործով դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները

Գորիսի փոխհամայնքապետների գործով դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները

Գորիսի փոխհամայնքապետներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի՝ կալանավորման միջնորդությունները քննող դատավորներ Կարապետ Ֆարխոյանը և Մնացական Մարտիորսյանը մերժել են պաշտպանական կողմերի ինքնաբացարկների միջնորդությունները։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետների պաշտպան Արմեն Մելքոնյանը նշել էր, որ իրենք վստահություն չունեն դատավորների հանդեպ։

«Մենք չենք հասցրել ծանոթանալ գործի բոլոր փաստաթղթերին, որոնք 1000 էջից ավելի են, բացի այդ էլ մենք որպես գեղարվեստական գիրք չենք կարդում, պետք է աշխատենք, բայց այս նիստերով չենք հասցնում, մեր իրավունքները խախտված են»,-նիստից հետո լրագրողներին ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալներից Սուսաննա Սարգսյանը հրաժարվել է ուտելուց։

«Ոնց կարելի է 63 տարեկան կնոջը, երեք երեխայի տատիկին անիմաստ նման մեղադրանքով ձերբակալված պահել։ Համոզում ենք ուտի, դեռ չի համոզվում», - ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալների տները խուզարկել են, բայց ոչինչ չեն գտել, այլապես «նենց կհայտարարեին, որ համայն մարդկությունը իմացած կլիներ»։

Ժամը 17:00-ին, 17:20-ին և 18:30-ին շարունակվելու են Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, Սուսաննա Սարգսյանի և Արմինե Չոփչյանի գործերով նիստերը։

Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը