Քաղաքական

18.08.2021 14:27


Հոկտեմբերի 15-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, ամեն ինչ անում են, որպեսզի գլխատեն մեր համայնքը, իրենց մարդկանցից մեկին նշանակեն. Գորիսի փոխհամայնքապետ

Հոկտեմբերի 15-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, ամեն ինչ անում են, որպեսզի գլխատեն մեր համայնքը, իրենց մարդկանցից մեկին նշանակեն. Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են դիմակավորված անձինք մտել Գորիսի համյանքապետարան և որոշակի գործողություններ իրականացնելուց հետո ձերբակալվել Գորիսի 2 փոխքաղաքապետերին՝ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։

«Երեկ առավոտյան ժամը 10։00-10։30-ի ժամանակահատվածում դիմակավորված անձինք մտան քաղաքապետարան, ամեն մեկը կանգնեց մի դռան մոտ, չթույլատրեցին աշխատողները դուրս գան իրենց աշխատասենյակներից, մոտեցա հարցրեցի՝ ի՞նչ է կատարվում, պատասխանեցին՝ հետո կիմանաք։ 40 րոպե մնալուց հետո 2 համայնքապետերին և ևս 2 աշխատակցի՝ մշակույթի բաժնի ավագ մասնագետին և համայնքապետարանի հաշվապահին, ձերբակալեցին և տարան, առանց բացատրություն տալու կատարվածի մասին»,-պատմեց Կարեն Քոչարյանը, ապա հավելեց, որ 9 դիմակավորված անձ էր գնացել քաղաքապետարան, չհաշված Գորիսի բաժնի քաղաքացիական հագուստով աշխատակիցներին։

Մեր հարցին, թե արդյոք քաղաքապետարանի աշխատակիցներին, այդ թվում՝ իրեն, հարցաքննության հրավիրե՞լ են՝ Կարեն Քոչարյանը բացասական պատասխան տվեց․

«Ոչ մեկին, ոչ մի հարցում, ոչ մի բացատրություն, շատ կոպիտ, ինքնավստահ, արագ կատարում էին հանձնարարություն, խառնված վիճակ ստեղծում մեզ մոտ»։

Գորիսի փոխհամայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետին կալանավորելը, այնուհետև փոխհամայնքապետերի ձերբակալելը հենց այնպես չի արվում, և, որ ինքը միտում է տեսնում․

«Ես միայն մի բան եմ մտածում, քանի որ ընտրությունները մոտենում են, հոկտեմբերի 15-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ, ամեն ինչ անում են, որպեսզի գլխատեն մեր համայնքը, որ իրենց մարդկանցից մեկին նշանակեն, որ մենք չկարողանանք ինչ-որ բան անել»։

Փախհամայնքապետ Կարեն Քոչարյանը, որը նաև երեք պատերազմների մասնակից է և իր ներդրումն ունի բանակաշինության գործում, այսօր ցավ է ապրում, երբ իշխանությունները սահմանների հարցը թողած՝ զբաղվում են այլ բաներով․

«Այսօր մեր սահմաններին թուրքերն են ուրախանում, գոռգոռում, ուզած ժամանակ էլ՝ կրակում մեր գյուղերի, մեր անասնապահների վրա, իսկ իշխանությունն իր գործը թողած, զբաղված է չգիտես ինչով․․․ Չի՛ բացառվում, որ Սյունիքի պաշտպանության կազմակերպիչներին մեկուսացնում են, որ իրենք իրենց սև գործն անեն, ամեն ինչ գնում է դրան, սովորական չարքաշ մարդն էլ, որ մտածում է, ասում է՝ միայն դրա համար է, ուրիշ ոչինչ»։

Կարեն Քոչարյանը Սյունիքի համայանքապետերի դեմ սկսված այս արշավը կապում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելության հետ, երբ մի դեպքում սյունեցիները նրան թույլ չտվեցին մտնի իրենց մարզ, իսկ երկրորդ դեպքում նրան հայտնի՝ «սյունյաց ողջույնով» դիմավորեցին։

«Միայն ես չեմ այդ կարծիքին, բոլորն են այդ կարծիքին, իրենց թեթև, փոքր թիմն է ուրիշ կարծիքի, իսկ մեր մեծ թիմը, մեր սյունեցիներն հենց այդ կարծիքին են․․․ Մեր պահանջն է, որ մեր համայնքապետին, տեղակալներին, աշխատակիցներին ազատ արձակեն, անիմաստ ձերբակալություններով իրենք ոչնչի չեն հասնի»։

Այս խորագրի վերջին նյութերը