Քաղաքական

18.08.2021 14:21


Խորհրդարան մուտք գործելու կարգի հնարավոր փոփոխությունը խտրական վերաբերմունք է ԶԼՄ-ների նկատմամբ. Սոնա Գրիգորյան

Խորհրդարան մուտք գործելու կարգի հնարավոր փոփոխությունը խտրական վերաբերմունք է ԶԼՄ-ների նկատմամբ. Սոնա Գրիգորյան

Խորհրդարան մուտք գործելու կարգի հնարավոր փոփոխությունը (թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ) խտրական վերաբերմունք և հերթական սահմանափակում է ազատ խոսքի նկատմամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» թերթի՝ ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրող Սոնա Գրիգորյանը։

«Մոտ 2 շաբաթ է՝ խորհրդարանում աշխատում ենք սարսափելի սահմանափակումների պայմաններում, որովհետև հստակ որոշվել է, որ պետական պահպանության աշխատակիցները պետք է հսկեն լրագրողների մուտքն ու ելքը։ Ընդամենը մի քանի տեղում կարող ենք լինել։ Հիմա էլ որոշվել է նախագիծ մշակել, ԱԺ ղեկավարության խոսքով՝ կանոնակարգել լրագրողների մուտքը խորհրդարան»,-նշեց Սոնա Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ԶԼՄ ներկայացուցիչներին Ազգային ժողովի հավատարմագրեր տալուն՝ հաշվի առնելով վերջիններիս տպաքանակը կամ դիտումները՝ լրագրողն այս մոտեցումը սահմանափակման հերթական ձև որակեց։

«Մենք ուզում ենք հասկանալ, թե իրենք ինչ թվեր են նշելու։ Այսօր թերթերի տպաքանակը բավական ցածր է. արդյոք իրենք տեղյա՞կ են, թե ո՞ր թերթի տպաքանակը որքան է, որքա՞ն է վաճառվում։ Արդյոք իրենք ուսումնասիրե՞լ են դաշտը։ Այս ամենի արդյունքում, իհարկե, խտրական վերաբերմունք կլինի, և դեռ պարզ չէ՝ որ լրատվամիջոցը կկարողանա ԱԺ մուտք գործել, որը՝ ոչ»,-ասաց Սոնա Գրիգորյանը՝ միաժամանակ անհիմն համարելով այն պնդումները, որ խստացումները ձեռնարկվում են շաբաթվա ընթացքում մեկ անգամ ԱԺ եկող ՀՀ վարչապետի և պատգամավորների անվտանգության ապահովման նկատառումներով։

«Ժողովուրդ» թերթի լրագրողը միաժամանակ շեշտեց՝ խորհրդարանում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները բազմաթիվ են, անպատասխան հարցերը՝ ևս, մինչդեռ խորհրդարանի ղեկավարության կողմից լրագրողներին որևէ բացատրություն չի տրվում, հիմնավորումներ չեն ներկայացվում։

«Մենք խնդիրներ ունենք. բոլոր հարցերը մնացել են անպատասխան։ Մենք չգիտենք՝ ինչու չենք կարող խորհրդարանում ազատորեն աշխատել»,-նշեց Սոնա Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը