Մեկնաբանություն

18.08.2021 12:39


Նիկոլի «մոյշիկը»՝ ՔՊ-ի այցեքարտ

Նիկոլի «մոյշիկը»՝ ՔՊ-ի այցեքարտ

Երեկ Նիկոլենք Սևանա լճից ջուր բաց թողնելու համար ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել։ Թույլատրելիից շատ էին ուզում տանել։ Քվեարկեցին, 70 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուրը տարան՝ չբացատրելով, թե ինչու է հենց այդքան պետք, ինչ կորուստներ կան, ինչ է արվում ջուրը նորմալ կառավարելու համար, ինչ է սպասվում Սևանին և այլն։

Մինչև իշխանության գալը սրանք ոռնում էին, թե բա Սևանի ջուրը բաց են թողնում, որ թալանեն։ 2018–ին իշխանության գալուց հետո որոշեցին «բնապահպանիստ» խաղալ ու ամառվա տապին ջուր բաց չթողեցին ընդհանրապես։ Արդյունքը եղավ այն, որ գյուղացիները ջուր չստացան, հողը չորացավ, բերք չեղավ, գյուղատնտեսությունը հսկայական հարված ստացավ, մրգի ու բանջարեղենի գները «թռան», տուժեցին բոլորը։ Ջուրը գյուղացուն այդ տարի սրանք տվեցին, երբ բանը բանից արդեն անցել էր։

2019–ից սկսած քայլարածներն արդեն սկսեցին Սևանի ջուրը «խմել»՝ զուգահեռաբար կառավարման բարդակ սարքելով ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։

Վերջին 3 տարվա ընթացքում Նիկոլը Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել ու վերջում կանգ առել ասֆալտի գործի վրա միլիոնատեր դարձած Սուրեն Պապիկյանի «մարդու» վրա։ Ու ինչպես գրեթե մյուս բոլոր դեպքերում է արձանագրվել՝ ընտրվել է անգրագետ մեկը, որը ոլորտի հետ կապ չունի։ Սկզբում ուզում էր պատգամավոր դառնալ, չստացվեց։ Հետո մի քանի պաշտոնի դրեցին ու վերջում տարան Ջրային կոմիտե։

Ջրային կոմիտեի ներկայիս նախագահ Կարեն Սարգսյանը ոռոգման համակարգի ու ջրային տնտեսության կառավարման հետ կապ ունի այնքանով, որ մինչև նիկոլենց իշխանության գալը Ռուսաստանում խոպանչիություն է արել, ավելի կոնկրետ՝ ավտո լվացող է աշխատել՝ «մոյշիկ»։ Ջրի հետ նրա շփումն, ըստ այդմ, անմիջական է եղել։ Այնքան է շփվել, որ վերջում դարձել է Ջրային կոմիտեի նախագահ ու սկսել է շփվել Սևանի ջրերի հետ։ Ու երբ գյուղացիները բողոքեն ջրի պակասից, ոռոգման համակարգի անորակությունից, պետք է իմանան, որ դա կոնկրետ դեմք ունի՝ Կարեն Սարգսյան։ Էս «մոյշիկը» խորհրդարանում «ռազմահայրենասիրությամբ» էր զբաղված կոնկրետ ոլորտային հարցերին պատասխանելու փոխարեն։ Նա ՔՊ–ի այցեքարտն է՝ անգրագետ, «հայրենասեր», դատարկ ու պատահականություն։ Նա Նիկոլի կադրային դեմքն է։ Նիկոլենք հենց այդ տրամաբանությամբ են կադրային քաղաքականությունն իրականացնում։ «Մոյշիկին» վստահում են ջրերի կառավարումը, «պարկովշիկին»՝ տրանսպորտը, ցածրակարգ շոումենին՝ խորհրդարանի կառավարումը, դատարկախոսին՝ բանակը և այդպես շարունակ։ Ափսոս էր երկիրը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը