Լրահոս

18.08.2021 11:33


Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վրաերթի ենթարկվածը ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վրաերթի ենթարկվածը ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Այսօր, օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածին գիտակցության բերեցին, ապա տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ բժիշկների ժամանումը երիտասարդ մի տղա է վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել է տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվի։

Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։

Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը