Քաղաքական

18.08.2021 11:02


Ահազանգ․ ավելի քան 50 ծրար՝ երկու ամսում․ իրավական համակարգը գրոհում է խմբագրություններ (տեսանյութ)

Ահազանգ․ ավելի քան 50 ծրար՝ երկու ամսում․ իրավական համակարգը գրոհում է խմբագրություններ (տեսանյութ)

Հայաստանում երբևէ մամուլը այսքան ճնշված, այսքան վիրավոր, այսքան հարվածի տակ չի եղել։ Այս երեք տարիների ընթացքում ամեն օր մի պատերազմ ենք մղում այս իշխանության ու նրա տարբեր օղակների դեմ։ Լրատվամիջոցները փորձում են հաղթահարել այն խոչընդոտները, որ ստեղծված են Ազգային ժողովում․ ՔՊ-ականներն ուզում են խորհրդարանում կյանքը վայելել մամուլի աչքից հեռու։ Ու որպեսզի հիմնավորեն սահմանափակումները, մի ախմախ թեզ են մեջտեղ բերել, թե՝ Նաիրի Հունանյանը եղել է լրագրող։

Սա ամենաանընդունելի և նաև ամենահիմար թեզն է, որովհետև նախ Նաիրի Հունանյանը որպես լրագրող չէր մտել Ազգային ժողով, բացի այդ, եթե արդեն այդ հարթության մեջ եք դիտարկում, ուրեմն Փաշինյան Նիկոլն էլ է լրագրող ու ոչ պակաս վատություն է արել մեր հայրենիքին ու ժողովրդին, ինչո՞ւ պետք է Հունանյանը փտի բանտում, իսկ Փաշինյանը նստի վարչապետի աթոռին։

Ինչևէ, մամուլը պայքարի մեջ է, դիմակայության մեջ է։ Բայց հավատացեք, որ Ազգային ժողովի սահմանափակումները, վիրավորանքները, գործունեությունը սահմանափակելը, ակցիաների ժամանակ ոստիկանների ճնշումները, բերման ենթարկումները, ֆեյքային գրոհները ճնշման միջոցներ են, որոնց մենք ամեն օր ենթարկվում ենք։

Մամուլի նկատմամբ ճնշման միջոց է նաև այն, որ հարցում ես ուղարկում կառավարություն ու ամիսներ շարունակ պատասխանը չկա։ Ճն՛շման միջոցներ են, օրինակ, անանուն զանգերը խմբագրություն, հայհոյանքները։ Խուզարկություններին ու ոստիկանության պարբերական այցերին չեմ էլ անդրադառնում։ Բայց այս ամենից զատ, ճնշման միջոցներ են դատարանները, դատական նիստերը, ծանուցումները, քրեական գործերը, քննչական գործողությունները, որոնցից ուղղակի անպակաաս ենք։

Ամեն օր Terevan.Today-ը ստանում է բազմաթիվ նամակներ, ծանուցումներ, գրություններ դատարաններից, քննչական մարմիններից, դատախազությունից, ոստիկանությունից։ Միայն նախընտրական քարոզարշավից ի վեր ավելի քան 50 նամակ ենք ստացել՝ դատական գործ, դատական գործի մասին ծանուցում, բաժին հրավիրելու, բացատրություն տալու մասին և այլն։

Չեն բավարարվում միայն խմբագրության հասցեով, արդեն բազմիցս ուղարկել են նամակներ բնակարանի հասցեով։ Երբ զանգում են պոչտայից, արդեն հարցնում ենք՝ որտեղի՞ց է նամակը, եթե ճանապաարհային ոստիկանությունից է, ուրեմն Նիկոլի խոստացած ու չհանած արագաչափերի, խաչմերուկների տեսախցիկների արձանագրած տուգանքներն են, վերցնում ենք, եթե դատախազություն է, քննչական մարմիններ, ոստիկանություն, նամակը չենք էլ ստանում, ասում ենք՝ հետ ուղարկեք։ Ու այսպես լիքը ծրարներ ունեն մեր լրագրողները։

Ձեզ, օրինակ, հետաքրքրո՞ւմ է, թե ինչու է մեր երկրում հանցավորությունը կտրուկ աճել վերջին երկու տարիներին․ մեկ պարզ պատճառ կա․ բոլոր իրավական կառույցները զբաղված են մեկ հոգու ամբիցիաների, կապրիզների բավարարմամբ․ առավոտից իրիկուն ընկած են մեր հետևից։ Երբ հանցագործի ես մատնանշում, ոչ թե նրա հետևից են գնում, այլ՝ մեր, թե՝ որտեղի՞ց իմացաք։ Ու վստահ ենք՝ այսպես է այս իշխանությանը քննադատող բոլոր լրատտվամիջոցներում։

Որքան էլ մարդամեկը փորձի ասել, թե մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, մենք ունենք հենց ա՛յս իրավիճակը։ Նիկոլն այսպես է պատկերացնում խոսքի ազատությունը․ մարդ, որը տարիներ շարունակ անպատասխանատու կերպով քննադատել է, գրել է, զրպարտել է, ասում են՝ փող է վերցրել ու լավ-վատ բաներ գրել, հիմա ընկած է մամուլի հետևից։

Բայց հայտարարում ենք՝ անհնար է սահմանափակել ազատ խոսքը, ուզում եք՝ 1000 հատ նոր ծրարներ ու նամակներ ուղարկեք, ուզում եք՝ 1000 նոր ֆեյքեր գցեք մեջտեղ, լրագրողների մուտքը ԱԺ դարպասներից արգելեք, ինչ ուզում եք՝ արեք, մամուլին լռեցնել չեք կարող․ դա երբեք չի հաջողվել ու չեք հաջողելու նաև դուք։

Այս խորագրի վերջին նյութերը