Քաղաքական

18.08.2021 08:26


Ով է Կարեն Սարգսյանը և ում միջոցով է նշանակվել պատասխանատու պաշտոնում․ «Ժողովուրդ»

Ով է Կարեն Սարգսյանը և ում միջոցով է նշանակվել պատասխանատու պաշտոնում․ «Ժողովուրդ»

«Երեկ խորհրդարանը բավականին բուռն քննարկեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի զեկուցողը ՀՀ ՏԿՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն էր:

Նա երեկ վերջնականապես ի ցույց դրեց իր գիտելիքների մերկությունը: Մասնավորապես, Սարգսյանը չէր կարողանում պատասխանել պատգամավորների կողմից հնչեցված մասնագիտական որևէ հարցադրման, որի արդյունքում էլ կրքեր բորբոքվեցին դահլիճում, եղան բղավոցներ միմյանց վրա: Այս ամենից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ով է Կարեն Սարգսյանը ու ինչպես է հայտնվել կոմիտեի ղեկավարի այդ պատասխանատու պաշտոնին, ում միջնորդությամբ և, ամենակարևորը, մասնագիտական ինչ կրթություն ունի: Ուսումնասիրելով նրա կենսագրականը՝ բացահայտեցինք, որ խորհրդանշական հոկտեմբերի 27-ին ծնված Սարգսյանը մասնագիտությամբ մարզական լրագրող է: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը ավարտելուց հետո նա մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի:

2016-ին զգացել է ուսման քաղց. ընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում: Այսինքն՝ ՀՀ ջրային կոմիտեի նախագահն այսօր փաստացի ուսանող է:

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, ապա այն Սարգսյանը կուտակել է բացառապես 2019 թվականի հեղափոխությունից հետո: 2009-ից ՌԴ-ում գտնվող Սարգսյանը հայրենադարձվել է 2019-ին: Կարեն Սարգսյանին ճանաչողները փոխանցում են, որ նա ՌԴ-ում զբաղված է եղել դասական խոպանչիությամբ, իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև աշխատել ավտոլվացման կետում: Գուցե հետո ունեցել է ավտոլվացման ծառայության անհատական կետ: Այսինքն՝ նրա առնչությունը ջրային ոլորտին բացառապես եղել է ավտոլվացման կետում, բայց դա չի խանգարել, որ հիմա այդ ոլորտը ղեկավարի:

Իսկ ո՞ւմ միջոցով է հայտնվել այս պաշտոնում. նա ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերն է և 2019-ին «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով առաջադրվել էր Գեղարքունիքում պատգամավորի թեկնածու, սակայն չընտրվեց պատգամավոր:

Որպեսզի հայրենադարձվածն անգործ չմնա, նրան տեղավորեցին «Գեղարքունիք» ՋՕԸ-ում՝ որպես փոխտնօրեն, հետո՝ 7 ամիս ժամկետով, որից հետո աշխատեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն, այնուհետև՝ 3 ամսով «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ: Հետո, սակայն, «տեղ հասավ»՝ որպես Ջրային կոմիտեի նախագահ: Ու այս խայտառակ աղքատիկ կենսագրական տվյալներ ունեցող անձը հոխորտում էր փորձառություն ու լուրջ կենսագրական ունեցող պատգամավորների վրա:

Ի դեպ, Կարեն Սարգսյանը նախկին կոմունիստ պատգամավոր Խորեն Թռչունիչի եղբորորդին է»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը