Աշխարհ

18.08.2021 07:19


Ատլանտյան օվկիանոսում նավի վրա սովից ու ծարավից մահացել է շուրջ 50 ներգաղթյալ

Ատլանտյան օվկիանոսում նավի վրա սովից ու ծարավից մահացել է շուրջ 50 ներգաղթյալ

Շուրջ 50 ներգաղթյալ նավի վրա սովից ու ծարավից մահացել է Կանարյան կղզիներ հասնելու փորձի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, աֆրիկյան տարբեր երկրներից 54 ներգաղթյալ տեղափոխող նավը Մարոկկոյի ափերից հեռացել է օգոստոսի 2-ին։ Արդեն մեկ կամ երկու օր անց նավը կանգ է առել Ատլանտյան օվկիանոսում՝ շարժիչի անսարքության պատճառով։ Եվս մի քանի օր անց նավում վերջացել են սննդի և ջրի պաշարները, և փրկվածների խոսքով, մարդիկ սկսել են մահանալ մեկը մյուսի հետևից:

Երկուշաբթի օրը նավը հայտնաբերվել է Մավրիտանիայի ափերի մոտ՝ Նուադիբու քաղաքի մոտակայքում։ Առափնյա պահպանության աշխատակիցները նավի վրա հայտնաբերել են միայն յոթ փրկվածի՝ մեկ կին և վեց տղամարդ: Մնացած 47-ը մահացել են:

Կանարյան կղզիները, 2006 թվականից ի վեր, ամենածանր միգրացիոն ճգնաժամն են ապրում: Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում ծովով և ցամաքով Իսպանիա է տեղափոխվել 41,8 հազար միգրանտ: Միայն Կանարյան կղզիներ է ժամանել ավելի քան 23 հազար մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը