Քաղաքական

17.08.2021 17:05


Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Սոթքի հանքավայրի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում. հանքավայրի աշխատանքը դադարեցված է, աշխատակիցները տարհանվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Անկանոն կրակոցներ են հնչում։ Հերթափոխում եղած աշխատակիցներին ուղարկում ենք տուն»,-հայտնեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին կրկին տարհանել են։ Աշխատանքը վերականգնվել է 03։00-ի սահմաններում։

Նախօրեին սրվել էր իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Ժամը 21.00–ի սահմաններում էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ եւ Նորաբակ գյուղերի վրա, իսկ բնակիչներն էլ փորձում են պատսպարվել:

Այս խորագրի վերջին նյութերը