Քաղաքական

17.08.2021 00:13


«Ադրբեջանն ուզում է ֆուտբոլի դաշտի վերածել». Շուշիի քաղաքապետը՝ Կերպարվեստի թանգարանի Քանդակները հանելու մասին

«Ադրբեջանն ուզում է ֆուտբոլի դաշտի վերածել». Շուշիի քաղաքապետը՝ Կերպարվեստի թանգարանի Քանդակները հանելու մասին

Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ Ադրբեջանը հանել ու ուզում է ֆուտբոլի դաշտի վերածել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նշենք՝ Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ահազանգել էր, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս՝ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, եւ տարածքն ամբողջությամբ մաքրվել:

«Հնարավոր չէր, որ իրենք այդ վանդալիզմին չգնային։ Նրանցից ամեն ինչ էլ սպասելի է։ Եթե մի քանի հուշարձան էլ մնացել են, դա Աստծուց էր։ Ամեն տարի արտասահմանից գալիս, հենց տեղում քանդակներ էին անում ու տեղադրում։ Այդպես դա դարձել էր քանդակների պուրակ։ Կանաչապատված էր ու սալիկներով կառուցված։ Բացի երկնքից նկարածին, կան նաեւ իրենց կողմից արված տեսանյութում»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ Շուշիում հայկական բոլոր հուշարձաններն Ադրբեջանը վերացրել է. «Սկսած Նելսոն Ստեփանյանի, Մուրացանի, Վազգեն Սարգսյանի արձաններից՝ վերացրել են ամեն ինչ։

NEWS.am-ի հետ զրույցում «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը պատմեց, որ քանդակի այդ պուրակը ստեղծվել էր պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ եւ Գաբրիելյանցի անվան Ապագա սերունդների հիմնադրամի միջոցներով:

«2011 թվականից Շուշիում մեկնարկել էր «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը: 5 սիմպոզիումների ընթացքում կերտվել է 68 քանդակ, որոնցից 51-ը տեղադրված էր Կերպարվեստի թանգարանին կից՝ քանդակի պուրակում: Այդ քանդակները տեղադրվել էին Կերպարվեստի թանգարանի հարակից տարածքում եւ գործում էր թանգարան բաց երկնքի տակ: Այս սիմպոզիումներին մասնակցել էին աշխարհի տարբեր երկրների քանդակագործներ եւ Արցախին են նվիրել իրենց քարե հորինվածքները, որոնք վկայում էին, որ մարդիկ Արցախում կարող են հավաքվել եւ ստեղծել արվեստ հանուն արվեստի, հանուն մշակույթի, հանուն արարելու, եւ դա վկայում էր, որ աշխարհի ժողովուրդները պիտի միավորվեն ոչ թե պատերազմելու այլ ստեղծելու պահին, մեր քանդակները դրա վկայությունն էին»,-պատմեց Լուսինե Գասպարյանը։

Նա ասաց՝ ապացույցներ ունեն, որ Ադրբեջանն այդ քանդակի պուրակը քանդել է, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչ են արել այդ քանդակները՝ ոչնչացրե՞լ են, թե՞ պահում են. «Բայց ես վերջին հույսն ունեմ, որ գոնե այդ քանդակները չեն ջարդել, եւ որեւէ տեղ դրանք կարող են օգտագործվել, դրվել: Այնտեղ ներկայացված էին ոչ միայն հայերի, այլեւ իտալացիների, ամերիկացիների, ճապոնացիների, չինացիների, ինչպես նաեւ տարբեր երկրների ժողովուրդներ ներկայացնող քնդակագործների աշխատանքներ»։

Լուսինե Գասպարյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում է ԱՀ մշակույթի նախարարությունը, տարբեր կառույցների դիմումներ են ներկայացվում.

«Դիմում են տարբեր միջազգային կազմակերպությունների, բայց աշխարհը դարձյալ մնում է լուռ, կարծես՝ ոչ մեկին դա չի հետաքրքրում, կոնկրետ քայլեր մինչեւ հիմա չկան ձեռնարկված»:

Այս խորագրի վերջին նյութերը