Քաղաքական

16.08.2021 17:40


«Եթե թշնամուն հաջողվեր Սև լճի տարածքով առաջ գալ, ապա գալու էր ուղիղ Խոզնավարի վրա». Խոզնավարի գյուղապետ

«Եթե թշնամուն հաջողվեր Սև լճի տարածքով առաջ գալ, ապա գալու էր ուղիղ Խոզնավարի վրա». Խոզնավարի գյուղապետ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 16-ի գիշերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ նախկինում բարձրանում էր Սև լճի տարածք՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունենում, սակայն այժմ հայկական կողմից զինվորներն այնտեղ կանգնած են, որևէ տեղ չեն գնում, և իր բարձրանալու անհրաժեշտությունը չկա։

«Սև լիճը մեզանից հեռու է, այնտեղ հնչած կրակոցները Խոզնավարում չեն լսվել, մի քիչ հեռու է, բայց եթե թշնամուն հաջողվեր Սև լճի տարածքով առաջ գալ, ապա գալու էր ուղիղ Խոզնավարի վրա։ Սև լճից դեպի արևելք մեր գյուղն է, լճի բոլոր բարձունքները նայում են Սիսիանին ու Գորիսին։ Այսինքն՝ այդ տարածքից թիրախում Սիսիանն ու Գորիսն է, թե որ ուղղությամբ թշնամին կփորձի առաջ գալ՝ չգիտեմ։ Դե այս ուղղություններով նրանք մայիսին առաջ էին եկել, Սիսիանի կողմից որ նայում ենք՝ Իշխանասարը երևում է, փոքր սար էլ կա, այնտեղ էլ են դրանք։ Թիրախը հենց Սյունիքն է, բայց դե այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, ամեն մարդ իր գործին է»,-նշեց Խոզնավարի գյուղապետը։

Ըստ նրա, բնակիչներն արդեն սովորել են թշնամու սադրանքներին, ավելին՝ բոլորը մեկ մարդու նման կանգնած են հայ զինվորի թիկունքին՝ հարկ եղած դեպքում նրան օգնելու համար։

«Գիշերային հերթապահություն ենք անում, զինվորի թիկունքին կանգնած ենք, եթե մի հատ զանգ է լինում, մենք հարցնում ենք՝ մենք ձեզ պե՞տք ենք, դե իրենք էլ ասում են՝ այո կամ ոչ։ Խուճապ չկա, խուճապը երեխաների համար է, ոչ թե մեր համար, մենք սովոր ենք, գյուղատնտեսական աշխատանքներ ենք անում, խոտհավաքն ավարտել ենք։ Վարուցանք ենք կատարում, չնայած թշնամին հեռվում կանգնած է, բայց դե ջհանդամիս կանգնած չէ, մեր գործն է, պետք է անենք»,-եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը