Լրահոս

16.08.2021 17:08


Երևանում անհայտ առարկայով պայթյուն է տեղի ունեցել

Երևանում անհայտ առարկայով պայթյուն է տեղի ունեցել

2021թ. օգոստոսի 14-ին, ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի դիմաց՝ «Սարալանջ» ճանապարհի բաժանարար գոտու հատվածում, անհայտ առարկայով պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է ընթացքի մեջ գտնվող «Mitsubishi Pajero IO» ավտոմեքենայի ձախ թափարգելը, դիմացի ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման համակարգը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պայթուցիկ նռնակի նմանվող մետաղյա բեկորներ, նռնակի բռնակ և պայթյունի հատվածից հողային զանգված:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Ձեռնարկվում մեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը