Մեկնաբանություն

16.08.2021 12:58


Թուրքիայի մեսիջը Ռուսաստանին․ Ալիևը կրկին «Նոլդո՞ւ Փաշինյան» է անում

Թուրքիայի մեսիջը Ռուսաստանին․ Ալիևը կրկին «Նոլդո՞ւ Փաշինյան» է անում

«CNN TURK»–ին տված հարցազրույցում թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը շատ կոշտ ու կտրուկ հայտարարություններ արեց։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի հասցեին։

Հայաստանի առաջ դրվեց երկու նախապայման՝

1.ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին,

2.խոսել ոչ թե բաց կոմունիկացիաներից, այլ «Զանգեզուրի միջանցքից»։

Ալիևը հատուկ ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն արդեն մտել է միջազգային շրջանառության մեջ, և իրենք հետևողական են լինելու այդ հարցում։

Ալիևը նաև սպառնաց, որ եթե Հայաստանը շատ արագ չգնա ադրբեջանական նախապայմանները բավարարելու ուղղությամբ, ապա իրենք կրկին կդիմեն ուժի կիրառման։ Ասել է թե՝ նա նորից անցել է «Նոլդո՞ւ Փաշինյան» ռեժիմին։

Ի դեպ, հարցազրույցում Ալիևը դժգոհում էր Ռուսաստանից։ Թեման զենքի մատակարարումն էր։ Նրա ասածն այն էր, որ եթե հայերը պարտությունից հետո կրկին իրենց ղեկավար են ընտրել Նիկոլին, ապա նրանց զենք պետք չէ, քանզի համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար՝ Մոսկվան չպետք է «շիրա» տա։

«Թողեք, թող հայերը գնան վիլայեթացման ճանապարհով»․ սա՛ էր Ալիևի ասածի իմաստը, որի հետևում երևում էին Թուրքիայի ականջները։

Թուրքիան դժգոհ է մնացել այն բանից, որ ռուսական զորք է մտել Արցախ ու չի ստացվել Սյունիքը Հայաստանից կտրելու ծրագիրը։ Թուրքիայի այդ ծրագրերին խանգարեցին ռուսները։ Ու հիմա Էրդողանն Ալիևի բերանով դժգոհում է ռուսներից ու նոր պատերազմ փորձում հրահրել լուծելու համար Սյունիքի հարցերը (իսկ այդ ընթացքում Նիկոլին հետաքրքրում են բացառապես Սյունիքի համայնքապետերը, նրանց քաղաքական հետապնդումները կամ նոր ընտրությունները)։

Թուրքիային ու Ադրբեջանին ոգևորել են ՀՀ արտահերթ ընտրությունների արդյունքները։ Նրանք ուզում են մինչև վերջ օգտվել Նիկոլի իշխանությունից ու «խաղաղասիրությունից»։ Թե ինչով կավարտվի այս ամենը, պարզ կդառնա շատ շուտով։ Թեև դժվար չէ կռահելը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը