Լրահոս

15.08.2021 11:36


Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ առողջ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել և հայտնվել է անտառում. կա 2 զոհ

Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ առողջ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել և հայտնվել է անտառում. կա 2 զոհ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել են առանց համարանիշի այդ Ford-ը, քանի որ նկատել են, որ այն անտառից է դուրս գալիս և ունեցել են կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան բարձված լինի փայտով, սակայն Ford-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա ոստիկանների տեսադաշտից։

Ոստիկանները սկսել են հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել են Ford-ը և բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորում է ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսում են որոնել կասկածելի ավտոմեքենան։ Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ նկատում են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։

Դեպքի մասին տեղեկանում են ոստիկանության նրանց գործընկերներն ու Ալավերդու հիվանդանոցի բժիշկներն ու Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը։ Արդեն տեղում հայտնաբերվում են մահացած տղամարդու 2 մարմին։

Մինչ կժամանեին օպերատիվ խմբերը, մի խումբ անձինք հարձակվում են ոստիկանւթյան աշխատակիցների վրա, քարերով, փայտերով վնասվածքներ պատճառում նրանց, ապա կասկածելով, որ եթե ոստիկանները չհետապնդեին Ford Transit-ը, ապա այն վթարի չէր ենթարկվի, ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բրթում-գցում են անտառը՝ այն վերածելով մետաղե ջարդոնի։

Նշված վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա այս անգամ արդեն հարձակման է ենթարկվում դեպքի վայր շտապող ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան, որտեղ նույնպես ծեծի են ենթարկվում ոստիկանները, ապա քարերով կոտրում են ավտոմեքենան և հրկիզում։

Նշված վայր են ժամանում Ալավերդու հրշեջ-փրկարարները, ովքեր մարում են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվում է մոխրակույտի։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Լորուտ գյուղում, քանի որ կան կասկածներ, որ անօրինական ձևով անտառահատման ու ոստիկանական օրինական պահանջին չենթարկվող, ապա վթարի ենթարկված մահացածների հարազատներն այդ գյուղից են։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածերով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինքնավթարի հետևանքով մահացածների, վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Վթարի ենթարկված Ford Transit մակնիշի ավտոմեքենան բարձված է եղել հսկայական՝ կտրված առողջ ծառերի կոճղերով, որի մի մասը թափված էր դրսում, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջված վիճակում հայտնվել էր ծառի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը