Քաղաքական

14.08.2021 09:10


Ավազակային հարձակման մեջ մեղադրվողը՝ Արթիկի ոստիկանապետ. ԱԱԾ տնօրենի հերթական հովանավորչությունը

Ավազակային հարձակման մեջ մեղադրվողը՝ Արթիկի ոստիկանապետ. ԱԱԾ տնօրենի հերթական հովանավորչությունը

Արտահերթ ընտրություններից որոշ ժամանակ առաջ Ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնում նշանակված Հարություն Ադամյանն ավազակային հարձակման ու կողոպուտի փորձի մեջ է մեղադրվել: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Հուլիսի 20-ին 168.am-ն արդեն իսկ գրել էր, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը պատրաստվում է դառնալ ՇՊՀ ռեկտոր, և նրան այդ գործում օգնում է իր վաղեմի ընկերուհին՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանը, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնել էին, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:

Պարզվում է, սակայն, որ սա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միակ միջնորդությունը չէ որևէ մեկին պաշտոնի նշանակելու հարցում:

Աղբյուրը հայտնել էր նաև այն մասին, որ, ըստ Շիրակի մարզի մեր լավատեղյակ աղբյուրների՝ Ջրօգտագործողների միության Շիրակի մասնաճյուղի՝ «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր բավականին տևական ժամանակ, շուրջ 2 ամիս առաջ աշխատանքից ազատել են ու նրա փոխարեն այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, 20․000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով քրեակատարողական հիմնարկում 6.5 տարի անցկացրած Խաչատուր Խաչատրյանին, ով այդ պաշտոնում է նշանակվել ՔԿՀ-ից դուրս գալուց անմիջապես հետո: Խաչատուր Խաչատրյանի ու Արմեն Աբազյանի կանայք քույրեր են, և հենց այս բարեկամական կապի արդյունքում ունեցած հովանավորչության արդյունքում է նախկին դատավորը նշանակվել «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն:

Իր մտերիմներին, բարեկամներին ու ընկերներին բարձր պաշտոնների նշանակելու՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներգրավվածության հերթական դրվագն է հայտնի դարձել 168.am-ին:

Արտահերթ ընտրություններից որոշ ժամանակ առաջ փոխվեց Ոստիկանության Արթիկի բաժնի պետն ու նրա փոխարեն նշանակվեց Հարություն Ադամյանը, ով ժամանակին աշխատել է Շիրակի մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, սակայն վերջին տարիներին չէր աշխատում, որովհետև վերջինիս հետ կապված՝ մարզում մեծ սկանդալ էր հասունացել:

Լուսանկարը վերցված է ՀՀ Ոստիկանության Police.am պաշտոնական կայքից:

Մեզ փոխանցեցին, որ Հարություն Ադամյանը և ևս մեկ ոստիկան Գյումրիում շատ հայտնի վաշխառու, տոկոսով գումար տվող Մելադա Սարգսյան անունով կնոջ կողմից մեղադրվում էին իր տան վրա ավազակային հարձակման ու կողոպուտի փորձի մեջ: Այդ ավազակային հարձակման ժամանակ այդ կինը ենթարկվել էր դաժան ծեծի, ջարդել էին ատամերը, մարմնի վրա ունեցել է բազմաթիվ սալջարդեր:

Ի դեպ, այդ գործի մասին datalex.am դատական տեղեկատվական համակարգում կարդում ենք. «Հարություն Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 07-ին, ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի 59 շենքի թիվ 38 բնակարանում վիճաբանել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող նույն բնակարանում ժամանակավորապես բնակվող Մելադա Անդրանիկի Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մելադա Սարգսյանին նրա առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս ձախի վերին և ստորին կոպերի, աջ դաստակի առաջին մատի արյունահավաքների, աջից ստորին կոպի ձախ ակնագնդի սպիտակուցաթաղանթի և կրծքավանդակի հետին մակերեսի քերծվածքի, ներսային մակերեսի սալջարդ վերքերի ձևով»:

Ավազակային հարձակման գործը հասել էր դատարան, սկանդալի արդյունքում նշված 2 ոստիկաններն էլ ազատվել էին պաշտոնից, այդ թվում՝ նաև Հարություն Ադամյանը, և շատ երկար ժամանակ վերջինս որևէ պաշտոն չէր զբաղեցնում:

Այդ գործով 2 անգամ տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, դատավորները տեղափոխվել են այլ դատարան: Գործը քննվել է 3-րդ անգամ, սակայն վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով այն կարճվել է:

Տուժող կողմը դրա դեմ բողոք է գրել, սակայն Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ: Ենթադրաբար այդ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է և կարող է քննվել արդեն Վճռաբեկ դատարանում:

Ըստ մեր աղբյուրների՝ Շիրակի մարզում այդ պատմությանը քաջատեղյակ մարդիկ ապշել են, երբ երկար ընդմիջումից հետո Հարություն Ադամյանը ոչ թե սովորական գործ է ստացել, այլ բարձր պաշտոն՝ զբաղեցնելով ոստիկանության Արթիկի բաժնի պետի աթոռը:

Գյումրիում ասում են, որ իր այդ նշանակմամբ վերջինս պարտական է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. նա պատահական մարդ չէ ԱԱԾ տնօրենի շրջապատում:

Պարզվում է՝ Հարություն Ադամյանը Արմեն Աբազյանի խնամու՝ որդու կնոջ մոր՝ Լիզա Հակոբյանի հարազատ քրոջ՝ Նունե Ադամյանի ամուսինն է: Նունե Ադամյանի ազգանունը Բարսեղյան է, սակայն, ինչպես քույրը՝ Լիզա Հակոբյանը, այնպես էլ ինքը կրում են իրենց ամուսինների ազգանունները:

Ի դեպ, 168.am-ին Գյումրիի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ իր մտերիմների, ընկերների ու բարեկամների համար բարձր պաշտոններ դասավորելու ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները վերացնելու համար Արմեն Աբազյանը ներգրավել է ԱԱԾ Շիրակի մարզային ստորաբաժանման ողջ ներուժը:

Փաստորեն ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզում բավականին լուրջ մրցակից ունի, և հիմա արդեն միայն ինքը չէ որոշում՝ իր որ բարեկամը որտեղ պետք է պաշտոն զբաղեցնի։

Այս խորագրի վերջին նյութերը