Քաղաքական

10.08.2021 16:44


ԱԳՆ-ն շարունակում է անղեկավար մնալ. խախտվել է հնգօրյա ժամկետը

ԱԳՆ-ն շարունակում է անղեկավար մնալ. խախտվել է հնգօրյա ժամկետը

Չնայած նախարարի թեկնածուներ առաջարկելու հնգօրյա ժամկետն ավարտվել է, սակայն Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից դեռևս ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ առաջարկ չի ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2–ին իրավունքի ուժով նշանակվել էր ՀՀ վարչապետ։ Ըստ օրենքի, «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում նշում է, որ կառավարության ձևավորման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 17–ն է։ Սակայն Փաշինյանը նախագահին նախարարի թեկնածուներ առաջարկելու ընդամենը 5 օրյա ժամկետ ունի, որն արդեն լրացել է ու այս առումով արդեն Սահմանադրության խախտում առկա է։ Ընդ որում, սահմանադրագետը նշում է, որ ոչ աշխատանքային օրերը ևս նկատի են առնվում, քանի որ օրենքում այդ առումով ոչինչ նշված չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր դիվանագետի աթոռը թափուր է դեռևս մայիսի 27–ից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նա իր հրաժարականի տեքստում բավական ուշագրավ դիտարկում էր արել. «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել»։

Այս ընթացքում մամուլն արտգործնախարարի տարբեր թեկնածուների անուններ շրջանառեց։ Ամենահավանական թեկնածուն համարվում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը, որը, ըստ մամուլի, հրաժարվում է ընդունել Փաշինյանի՝ ԱԳ նախարար դառնալու առաջարկը։ Ի դեպ, մինչ այդ նաև շրջանառվում էր արտաքին գործերի նախարարի փոխնախարար Արմեն Գրիգորյանի անունը։ Սակայն, ասում են, որ նրա թեկնածության էլ դեմ է ՌԴ–ը։

Այս խորագրի վերջին նյութերը