Աշխարհ

09.08.2021 21:45


Կորոնավիրուսը վերջնարդյունքում կդառնա գրիպի պես «հավերժ վիրուս». համաճարակաբան

Կորոնավիրուսը վերջնարդյունքում կդառնա գրիպի պես «հավերժ վիրուս». համաճարակաբան

Համավարակը շուտ չի ավարտվի՝ հաշվի առնելով այն, որ աշխարհի բնակչության միայն ոչ մեծ մասն է պատվաստվել Covid-19-ի դեմ։ Այս մասին CNBC-ին ասել է հայտնի համաճարակաբան, բժիշկ Լարի Բրիլիանտը, որը մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն թիմի մեջ, որն օգնել է ծաղկի վերացմանը։

Նրա խոսքով՝ դելտա տարբերակը «հնարավոր է՝ ամենավարակիչ վիրուսն է» երբևէ գոյություն ունեցածներից։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի մյուս երկրները պայքարում են վիրուսի դելտա տարբերակի դեմ։

Լավ նորությունն այն է, որ պատվաստանյութերը, մասնավորապես՝ նրանք, որոնք օգտագործում են ՌՆԹ-մեսենջեր տեխնոլոգիան, և Johnson & Johnson պատվաստանյութերը դիմակայում են դելտա տարբերակին, ասել է Բրիլիանտը։

Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության միայն 15 տոկոսն է պատվաստվել, և ավելի քան 100 երկրներ պատվաստել են իրենց բնակչության 5 տոկոսին, նշում է Բրիլիանտը։ «Ես կարծում եմ, որ մենք մոտ ենք [համավարակի] սկզբին, քան վերջին, և ոչ այն պատճառով, որ տարբերակը, որը մենք դիտարկում ենք հիմա, այդքան երկար կտևի»,-ասել է Բրիլիանտը։ «Եթե մենք չպատվաստենք բոլորին ավելի քան 200 երկրներում, միևնույն է, կհայտնվեն նոր տարբերակներ»,-ասել է նա՝ կանխատեսելով, որ կորոնավիրուսը վերջնարդյունքում կդառնա գրիպի պես «հավերժ վիրուս»։

Նրա խոսքով՝ Covid բռնկման մոդելները Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում կանխատեսում են «շրջված V-ատիպ շեղ համաճարակ»։ Դա նշանակում է, որ վարակների թիվն աճում է շատ արագ, բայց և արագ էլ կկրճատվի, բացատրել է նա։ Եթե կանխատեսումը ճիշտ դուրս գա, ուրեմն դելտա տարբերակը տարածվում է այնքան արագ, որ «դրանով վարակվելու թեկնածուները պարզապես վերջանում են», ասել է Բրիլիանտը։

Նման պատկեր նկատվում է Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում, որտեղ դելտա տարբերակի տարածումը նահանջել է վերջերս գրանցված առավելագույնից։ «Բայց մեզ մոտ հունարենի այբուբենի տառերը չեն վերջացել, ուստի, հնարավոր է, սա դեռ ամենը չէ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը