Լրահոս

09.08.2021 13:11


Հնգօրյա ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկությունը չի ուղարկել նախագահին

Հնգօրյա ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկությունը չի ուղարկել նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից դեռևս առաջարկ չի ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածը սահմանում է, որ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2–ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ։ NEWS.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7-ն էր։

Մենք փորձեցինք նաև վարչապետի մամուլի խոսնակից մեկնաբանություն ստանալ, պարզելու, թե ինչո՞ւ մինչ այս պահը վարչապետը ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկություն չի ուղարկել և ե՞րբ կուղարկի, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Օգոստոսի 9-ի դրությամբ, թափուր է մնացել միայն ԱԳ նախարարի պաշտոնը։ Այս պահին Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը