Լրահոս

06.08.2021 17:25


Որքա՞ն է արժեցել ՀՀ կառավարական օդանավի ներկումը

Որքա՞ն է արժեցել ՀՀ կառավարական օդանավի ներկումը

Hetq.am-ը գրում է.

«Հետքի» տրամադրության տակ է հայտնվել ինֆորմացիա այն մասին, թե մոտավորապես որքան են արժեցել ՀՀ կառավարական ինքնաթիռը ներկելու աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») 2020 թ. օգոստոսին տեղափոխվել էր չեխական Օստրավա քաղաքի օդանավակայան, որտեղ էլ կատարվել էին աշխատանքները: Դրանից հետո մամուլում ինֆորմացիա հայտնվեց, որ ներկումը պետբյուջեի վրա նստել է ավելի քան 210 հազ. եվրո կամ շուրջ 250 հազ. դոլար, ինչը, սակայն, վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել էր՝ նշելով, որ չնայած, գաղտնիությունից ելնելով, կոնկրետ թիվ չի կարող հրապարակել, այդուհանդերձ, ծախսված գումարը անգամներ պակաս է հրապարակվածից:

1998 թ. արտադրված այս «Airbus A319-132 (CJ)» ինքնաթիռը, որը սովորական «Airbus A319»-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն սպասարկում է երկրի նախագահին, վարչապետին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների: 2007-2020 թթ. օդանավի տեսքը եղել է նույնը, սակայն նախորդ տարվա ամռանն այն փոխվեց: Է. Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, թե նախորդ գունավորումը ջնջվում էր, ներկը թափվում էր, հետևաբար այն թարմացնելու կարիք կար: Բայց ինչպես հայտնի է, կառավարական ինքնաթիռի տեսքը ոչ թե պարզապես թարմացվեց, այլ փոխվեց:

Կառավարական օդանավը ներկել է իռլանդական «International Aerospace Coatings» (հապավումը՝ «IAC») ընկերության չեխական դուստր ձեռնարկությունը՝ «International Aerospace Coatings Czech Republic»-ը, որը գործում է Օստրավայում:

«Հետքի» ձեռքի տակ է հայտնվել «IAC»-ի գնային առաջարկը «Airbus A319» օդանավի ներկման վերաբերյալ: Առաջարկն արված է 2020 թ. սեպտեմբերին (հասցեատերը, բնականաբար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չէ, որին ամրակցված է կառավարական բորտը), այսինքն՝ կառավարական բորտը ներկելուց մեկ ամիս անց, ինչը նշանակում է, որ առաջարկում, ըստ ամենայնի, արտացոլված է այն նույն գինը, որով ծառայություններ են մատուցվել ՀՀ կառավարական բորտին:

Նախ նկատենք, որ օդանավերը ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանց վրայից մաքրել հին ներկը, իսկ դրա համար կիրառվում է 2 տարբերակ՝ ավազաշիթով կամ լուծիչ հեղուկով: Մաքրելուց հետո քսվում է հիմքը՝ գրունտը, որը փայլեցվում է, հարթեցվում են բոլոր անհարթությունները: Գրունտի վրա անցկացվում է բազային գույնը, որի վրա էլ՝ մյուս անհրաժեշտ գույները՝ կախված նրանից, թե ինչ գունապատկեր պետք է լինի օդանավի վրա:

«IAC»-ը ևս առաջարկում է հին ներկի մաքրման ավազաշիթային ու լուծիչով տարբերակները, որոնք արժեքով տարբեր են: Եթե լուծիչով մաքրելու և ապա ներկելու աշխատանքների համար նախատեսվում է 6 օր, արժեքն էլ՝ 72.500 եվրո, ապա ավազաշիթով մաքրելու և ապա ներկելու համար սահմանված է 5 օր, արժեքը՝ 63.500 եվրո:

Այս գների մեջ ներառված են ինքնաթիռի հանգարավորումը, անհրաժեշտ նյութերն ու կատարվող աշխատանքը: Գներից դուրս են օդանավակայանում կայանելու վճարը, հավելյալ աշխատանքները, որոնց կարիքը կարող է լինել այն դեպքում, եթե չհաջողվի հին ներկն ամբողջությամբ մաքրել, օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքները, ինքնաթիռի կշռումը (չնայած ներկը քսվում է բարակ շերտով, մակերեսի մեծ լինելու պատճառով այն օդանավին նկատելի քաշ է հաղորդում): «IAC»-ը նշել է մի քանի հավելյալ ծառայությունների գներ: Այսպես՝ օդանավերի վրա ցանկացած աշխատանք պետք է սերտիֆիկացվի, որպեսզի թույլատրվի դրանցից հետո օդանավի թռիչքը. նույնը վերաբերում է ներկմանը: Ներկումից հետո սերտիֆիկացման գործընթացը կազմակերպելու համար «IAC»-ը սահմանում է 5950 եվրո, օդանավը կշռելու համար՝ 4000 (ֆիզիկապես կշռելու դեպքում) կամ 1050 (թվային հաշվարկ անելու դեպքում) եվրո, օդանավի բարձրության ղեկը (elevator) հանելու, բալանսավորելու և նորից տեղադրելու համար՝ 5950 եվրո:

Ինչպես տեսնում ենք, օրինակ, jetphotos.com մասնագիտացված կայքում, ՀՀ կառավարական ինքնաթիռը 2020 թ. օգոստոսի 5-ին Օստրավայի օդանավակայանում դեռևս հին տեսքով էր, իսկ արդեն ամսի 15-ին՝ նոր գունավորմամբ:

Եթե նախկինում դրա վրա մի կողմից գրված էր «Հայաստան», մյուսից՝ «Armenia», ապա հիմա՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Republic of Armenia»: Պոչամասի (ուղղահայաց կայունարարի) վրա եղած նախկին փոքր եռագույնը փոխարինվել է մեծ դրոշով: ՀՀ եռագույնը պատկերվել է նաև շարժիչների վրա:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ կառավարական բորտի ներկման համար ծախսվել է 63.500-72.500 եվրո՝ գումարած ևս մի քանի հազար եվրո՝ տեղում (Չեխիայում) հավելյալ ծառայությունների համար:

Գլխավոր լուսանկարում՝ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ժամանում է Ժնև՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների (30.10.2020, լուսանկարիչ՝ Պոլ Դենտոն):

Այս խորագրի վերջին նյութերը