Քաղաքական

06.08.2021 16:48


«Կապիտուլյանտ Նիկոլ». ԱԺ նախագահն անջատեց Աննա Մկրտչյանի խոսափողը (տեսանյութ)

«Կապիտուլյանտ Նիկոլ». ԱԺ նախագահն անջատեց Աննա Մկրտչյանի խոսափողը (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը, որն ամբիոնից իր ելույթում, վարչապետին դիմելով, նրան «կապիտուլյանտ» անվանեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ օգոստոսի 6-ի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու իրենց նախագծի առնչությամբ իր ելույթում վարչապետին դիմեց անունով՝ ասելով «Ձեր Նիկոլը…»:

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց վարչապետին անունով չդիմել, կոռեկտ արտահայտվել գործընկերների նկատմամբ, երկրի ղեկավարության նկատմամբ:

Այս դիտարկումից հետո Մկրտչյանը անմիջապես կրկին վարչապետին անունով դիմեց: Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նկատողություն է հայտարարում՝ զգուշացնելով, որ հաջորդիվ զրկվելու է ձայնի իրավունքից:

Մկրտչյանը պնդեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում «պատգամավորին նկատողություն անել» արտահայտություն գոյություն չունի: Դրանից հետո Մկրտչյանն իր ելույթում կրկին վարչապետին դիմեց անունով՝ տալով նաև որակում՝ կապիտուլյանտ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քարտուղարությանը հորդորեց անջատել ելույթ ունեցող պատգամավորի խոսափողը: «Այս 3-4 օրվա ընթացքում չի եղել նման դեպք, որ պատգամավորն իրեն թույլ է տվել Ձեր բառապաշարը: Ես Ձեզ արգելում եմ այստեղ այդ բառապաշարով խոսել: Ես Ձեզ կարող եմ նույնիսկ դահլիճից դուրս հրավիրել և չթողնել»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ աչքի ընկնելու այլ ձևեր կան:

ԱԺ նախագահը հայտնեց, որ անջատել է պատգամավորի խոսափողը ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Նա հորդորեց պատգամավորին լքել ամբիոնը, սակայն պատգամավորը դեռ շարունակում էր խոսել՝ անջատված բարձրախոսով:

Այս խորագրի վերջին նյութերը