Լրահոս

06.08.2021 09:34


Դանակահարություն Երևանի կենտրոնում. սրճարանի մոտից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ

Դանակահարություն Երևանի կենտրոնում. սրճարանի մոտից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։

Բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը