Աշխարհ

05.08.2021 21:30


ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով

ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում՝ չնայած ձեռնարկվող քայլերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին շրջանում հաճախակի դարձած զինված միջադեպերով: Հատկապես տագնապ է առաջացնում այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմերից մարդկային զոհերով»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը նշել է, որ չնայած ձեռնարկվող բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։

«Այս առումով մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել իրավիճակը վատթարացնող հետագա գործողություններից»,-հավելել է դիվանագետը:

Բիկանտովն ընդգծել է, որ ծագող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, և որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում իրադրության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ապաէսկալացման և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի գործարկման միջոցով:

«Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանման հետ միասին կնպաստեն Հարավային Կովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելուն ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի հայտարարությունների»,-եզրափակել է Բիկանտովը:

Այս խորագրի վերջին նյութերը