Կարծիք

21.06.2011 11:42


Ստորացում ժամանակից շուտ

Ստորացում ժամանակից շուտ

Տարիներ առաջ Երեւանի թաղամասերից մեկում մի գեղեցիկ, բայց մեծամիտ եւ ինքնահավան աղջիկ էր ապրում, ով առիթը բաց չէր թողնում քննադատելու այն անինքնասեր աղջիկներին, որոնք դառնում են չար տղաների զոհերը: Օրերից մի օր այս աղջկան նկատեցին այդ չար տղաներից մեկի հետ: Անցան օրեր: Շենքի մոտ պպզող տղաները, ինչպես նաեւ պատուհաններից բակի անցուդարձին հետեւող տնային տնտեսուհիները եւ կենսաթոշակառու պապիկները նկատեցին, որ չար տղան արդեն ակտիվորեն շփվում է այլ աղջիկների հետ, իսկ մեծամիտ եւ անլուրջ աղջիկներին քննադատող գեղեցկուհին քայլում է մենակ եւ բավական ընկճված: Դեռ որոշ ժամանակ այս աղջիկը, որ չար տղայի ջանքերով հավասարվեց այն աղջիկներին, փորձում էր մտերիմներին բացատրել եւ ինքն իրեն համոզել, որ իր հետ չէր կարող լիներ այն, ինչ եղել է մյուսների հետ, եւ որ իրեն այնքան էլ միանշանակ պատասխան չեն տվել: Մի խոսքով, նա փորձում էր ինքն իրեն համոզել, որ իր հետ չէր կարող նման բան լիներ:

Ինչու հիշեցի անցած գնացած այս պատմությունը: Հիշեցի լսելով, թե ինչպես են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն արձագանքում Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, որը տեղավորվում է «երկխոսության» շրջանակներում: ՀԱԿ-ը համառորեն չի ցանկանում հավատալ, որ իր հետ եղել է այն, ինչ եղավ Գեղամյանի կամ Բաղդասարյան Արթուրի հետ:

Ոմանց հիմա սխալմամբ թվում է, թե Կոնգրեսում իրոք Սերժ Սարգսյանի խոսքում բազմիմաստություններ են տեսել: Իրականում կոնգրեսականները լավ հասկացել են, թե ինչ է ասել իրենց Սերժ Սարգսյանը: Իսկ ասել է մոտավորապես այն, ինչ ասել էր չար տղան այն մեծամիտ աղջկան` լավն էիր, շնորհակալություն մեր համատեղ հաճելի պահերի համար, ձեզ բարի ճանապարհ, եթե ցանկանաք կարող եք կրկին մոտենալ, և ահա հեռախոսահամարը՝ ընկերներիս հեռախոսահամարը։ Մի փոքր դաժան է հնչում, բայց իրականությունն այսպիսին է:

Կոնգրեսը հայտարարել է, թե իրենց «երկխոսությանը» գնահատական կտան շարքերում քննարկումներից հետո, ինչը նշանակում է, թե Կոնգրեսի առաջնորդին ժամանակ է պետք ուշքի գալու եւ համապատասխան պատասխան գտնելու համար: Բացի այդ, կոնգրեսում դեռ հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը Կազանում հակահայկական փաստաթուղթ կստորագրի, ինչն էլ կփոխի իրավիճակը Հայաստանում: Գուցե Սերժ Սարգսյանը նման փաստաթուղթ ստորագրեր, բայց աշխարահաքաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ նա հիմա նման քայլի չի կարող գնալ: Այնպես որ, Կոնգրեսի հույսերը Կազանը չի արդարացնելու:

Հիմա հարց կարող է առաջանալ, թե ինչով պետք է զբաղվի այն հնգյակը, որը պետք է բանակցեր Սերժ Սարգսյանի պատվիրակության հետ: Կարծում եմ, այս հնգյակը դեռ կարող է առաջարկությունների փաթեթներ ներկայացնել Արթուր Բաղդասարյանին, Արմեն Աշոտյանին եւ նույնիսկ Տիգրան Սարգսյանին: Ավելին, Կոնգրեսի համար դեպքերի հաջող ընթացքի դեպքում, կարող է նաեւ հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջին հաշվով պատվիրակությունը կարող է աշխատել Կոնգրեսի գրադարանում:

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը բացեց շատերի աչքերը: Եթե մինչեւ նրա վերջին հայտարարությունը դեռ կային մի քանի տասնյակ մարդիկ, որոնք հավատում էին, թե այդ Կոնգրեսն է նրան ստիպել «երկխոսել», եւ որ գործը հասնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ ընտրություններին, ապա հիմա, երբ Կոնգրեսի առաջնորդները բերանները ջուր են առել, հասկացան, թե իրականում ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում:

Պարզ է, չէ՞, որ եթե Կոնգրեսի նպատակը լիներ ժողովրդավարական Հայաստանի կառուցումը եւ իշխանափոխությունը, ապա Կոնգրեսը Սերժ Սարգսյանի նման հայտարարությունից հետո պետք է շուրջօրյա բողոքի գործողություններ սկսեր: Չի սկսում, ավելին, նույնիսկ Սերժին հաճոյանալու փորձեր են անում: Հիշում եք, թե ինչպես լռություն պահպանեց Գեղամյանը, երբ դատարկ դհոլի հետ համեմատվեց: Հիմա նույն իրավիճակն է: Նույն իրավիճակն էր տարիներ առաջ նաեւ այն աղջկա հետ, երբ օրերից մի օր այդ չար տղան մի փոքր հարբած ժամանակ հայտարարեց, թե ով էր իրականում այդ աղջիկն իր համար եւ ինչեր են արել միասին:

Կոնգրեսականները լռում են եւ շուրջօրյա բողոքի գործողություններ չեն սկսում մի քանի պատճառներով: Նախ, նրանք հիշում են, որ դեռ շաբաթներ առաջ հայտարարում էին, թե նմանատիպ գործողություններից կշահի Ադրբեջանը: Հիմա, եթե հանկարծ որոշեն նման խաղ սկսել, ապա կհայտնվեն անհարմար իրավիճակում: Բացի այդ, Սերժ Սարգսյանն իր վերջին հայտարարությունով  պարզ հասկացրեց, որ եթե չարություն անեն, ապա կպատմի ավելի շատ բան եւ անգամ կհիշի Դավիթ Շահնազարյանի հայտնի ասուլիսի մասին: Մի խոսքով, ՀԱԿ-ը ցուգցվանգային վիճակում է: Այլ կերպ ասած, ինչ քայլ էլ որ անի` պարտվելու է:

Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կփորձի ամեն ինչ անել, որ հրապարակում մարդիկ հավաքվեն, որ գոնե իր մերձավորների համար պատգամավորի մանդատներ կորզի, բայց Կոնգրեսի գնացքն արդեն գնացել է, իսկ նրանք էլ ուշացել են գնացքից: Մի ծեր գնչուհի էլ նրանց բախտը նայել է եւ հեչ լավ բաներ չի ասել: Մի խոսքով, բարի խորհուրդ Կոնգրեսին` սուս ու փուս հեռացեք: Նույնը վերաբերվում է եւ Սերժ Սարգսյանի թիմին: Հասկացեք, որ ձեր «երկխոսություններով» մի ամբողջ երկիր եք կործանում:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերի տիրույթից դուրս գտնվող առողջ ուժերը պետք է ամեն ինչ անեն քաղաքական կեղտոտ դաշտից մեր ժողովրդին ազատելու համար: Այդ ներուժը մենք ունենք եւ չպետք է կորցնենք հարմար պահը: Պետք է մի կողմ դնել երկրորդական եւ երրորդական տարաձայնությունները եւ միավորվել հանուն մեր երկրի ներկայի եւ ապագայի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը