Լրահոս

30.07.2021 21:39


Տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել որդու հետ լարված հարաբերություններ ունեցողների նկատմամբ

Տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել որդու հետ լարված հարաբերություններ ունեցողների նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործության շարժառիթը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչը, տեղեկանալով որդու և երկու համաքաղաքացիների միջև լարված փոխհարաբերությունների մասին, որոշել է հաշվեհարդար տեսնել վերջիններիս նկատմամբ:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, իմանալով որդու հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող անձանց գտնվելու վայրը, իր հետ նախապես վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերած հրազեն հանդիսացող ատրճանակ, գնացել է Վանաձոր քաղաքում գտնվող «Արգիշտի» հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ անցորդների ներկայությամբ, 7 կրակոց է արձակել նրանց ուղղությամբ:

Արձակված կրակոցների հետևանքով նրանցից մեկի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի ձախ կեսի հրազենային գնդակային՝ որովայնի խոռոչ թափանցող միջանցիկ վիրավորում՝ ձախ երիկամի և փայծաղի վնասումներով, իսկ մյուսին հաջողվել է դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Այս խորագրի վերջին նյութերը