Լրահոս

29.07.2021 16:03


Այս անգամ ո՞ւմ է «փրկելու» Փաշինյանը և ինչի՞ դիմաց․ մոսկովյան հանդիպմանը սպասելիս

Այս անգամ ո՞ւմ է «փրկելու» Փաշինյանը և ինչի՞ դիմաց․ մոսկովյան հանդիպմանը սպասելիս

Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի շռնդալից հաղթանակը նոր հնարավորությունների դուռ բացեց Ադրբեջանի համար։ Ակնհայտ է, որ արտաքին խաղացողներին պետք էր, որպեսզի ընտրություններում հաղթի պատերազմում պարտված առաջնորդը՝ նրա հետ ավելի հեշտ է ճնշումների լեզվով խոսել ու, որ ամենակարևորն էր, Փաշինյանն ուներ տրված խոստումներ, որոնք ընտրությունների հանգամանքից ելնելով չէր կատարել։

Այն, որ սպասում են նոր աղետալի իրադարձություններ՝ առաջինը հասկանալի դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքից։ Ընտրություններից հետո, երբ Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ Պուտինը խոսեց ցավոտ լուծումներից․ «Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- նշել էր ՌԴ նախագահը։

Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից անմիջապես հետո խաղաղության փաստաթղթից խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը․ «Եթե Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենք, նշանակում է, խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն և կայուն զարգացում է պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր»,– ասել էր Ալիևը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Ընտրություններից անմիջապես հետո Ալիևի նման հայտարարությունը նշանակում է, որ կա գործընթաց, որին տեղյակ չեն Հայաստանի քաղաքացիները և կա խոստում Փաշինյանի կողմից տրված, որը պետք է կատարվի։

Այն որ կան գաղտնի բանակցություններ՝ հայտնի դարձավ նաև երեկվա մարտական գործողություններին առնչվող ՊՆ հաղորդագրությունից․ «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,-ասվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Փաշինյանը, ըստ էության, փորձ է արել ընտրություններից առաջ տրված խոստման իրականացումը ձգձգել, իսկ Ադրբեջանը գնալով ռազմական բախման փորձել է հավելյալ ճնշումներ բանեցնել։ Ռուսական միջնորդությամբ հաստատված հրադադարը և Փաշինյանի լռությունը վկայում են, որ Ադրբեջանը հասել է իր համար ցանկալի արդյունքի։

Այս անգամ էլ Փաշինյանը կարող է պնդել, որ խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և զիջում է Հայաստանի օկուպացված տարածքները Ադրբեջանին, որպեսզի փրկի Գեղարքունիքի մարզի բնակիչներին։ Ու նորից հանրությունը շնորհակալություն կհայտնի իր փրկչին, իսկ մյուս մարզերի բնակիչները կսպասեն իրենց փրկվելու հերթին։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը