Լրահոս

28.07.2021 16:12


Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից

Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից

Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից Կորյուն Արայիկի Հարությունյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, 18 տարեկան։ Նա 2021թ.-ի փետրվարին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից Անի Առաքելյանը։

Կորյունը ընտանիքի 4-րդ զավակն էր, իրենից մեծ երեք քույր ունի։

Դպրոցն ավարտելուց հետո Կորյունն ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, մի քանի ամիս սովորելուց հետո զորակոչվել բանակ։

Կորյունը և ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված մյուս շարքային զինծառայող Դավիթ Քոչարյանը մտերիմ ընկերներ են եղել։

«Կորյունը շատ ուժեղ էր թե՛ կամքով, թե՛ ֆիզիկապես։ Փոքր տարիքից սպորտով էր զբաղվում։ 15 օր առաջ էր 1 շաբաթով արձակուրդ եկել, պատմում էր իր զինվորական կյանքից, շատ ոգևորված էր։ Ռիսկով, հավատարիմ ու նվիրված ընկեր էր»,-պատմեց Անին։

Կորյունի հետ հարազատներին կապ հաստատել չի հաջողվել երեկ գիշերվանից։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել էր նաև ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր:

Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի։

Այս խորագրի վերջին նյութերը