Նախորդ հոդվածներում կատարված քննությունն ընթացել էր ազատագրված տարածքները կամ դրանց մի մասը Ադրբեջանին հանձնելու համաձայնության դեպքում առանձին գործիչների պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու շուրջ: Նման մեղադրանք ներկայացնելու համար անհրաժեշտություն էր առաջացել տվյալ խնդիրը դիտարկել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության ու պետական շահերը վնասելու տեսանկյունից: Ուստի շարունակենք մանրամասնել խնդիրը:
Պետության քրեական օրենքով իբրեւ հանցագործություն նախատեսված հանրության համար վտանգավոր յուրաքանչյուր արարք ոտնձգություն է որոշակի օբյեկտի դեմ, նրան էական վնաս է պատճառում կամ բովանդակում է այդպիսի վնաս հասցնելու սպառնալիք: Պետական դավաճանության դեպքում հանցագործության օբյեկտ են պետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 299) եւ պաշտպանունակությունը (սա բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքում): Ընդ որում, ՀՀ արտաքին անվտանգություն ասելով` հասկացվում է առաջին հերթին պատերազմական վտանգներից ՀՀ պետական եւ հասարակական կարգի պաշտպանվածությունը: Այդ իսկ պատճառով գլխավոր խնդիրը, որ ծառանում է տվյալ դեպքում` ընդհանրապես պատերազմի հավանականության, ինչպես նաեւ ազատագրված հողերը թշնամու ձեռքում գտնվելու դեպքում ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին պատերազմի հասցրած վնասների գնահատումն է:
Պատերազմի հավանականության գնահատման համար կան մի քանի էական հանգամանքներ: Մեր տարածաշրջանում կարեւոր հանգամանքներից մեկը պատերազմների հաճախականության փաստի արձանագրումն է: Մի կողմ թողնելով նախորդ դարերի փորձը (երբեմն առավել անմխիթար)` կարեւոր է մատնանշել վերջին 200 տարվա վիճակագրությունը, երբ տարածաշրջանում հիմնական խաղացողներ են հանդիսացել Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը), Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) եւ Իրանը (Պարսկաստանը): Եթե հաշվարկենք 1810-2010թթ. պատերազմի եւ խաղաղության տարիների հարաբերակցությունը, ապա տվյալ 200-ամյա ժամանակահատվածում պատերազմներին բաժին է ընկնում 30 տարի (1810-1813, 1821-1823, 1826-1829, 1853-1856, 1877-1878, 1914-1921, 1991-1994, 2008): Այլ կերպ ասած` յուրաքանչյուր վեց ու կես խաղաղ տարվան բաժին է ընկնում պատերազմական մեկ տարի ժամանակահատված կամ յուրաքանչյուր 13 խաղաղ տարվան` երկու տարի, կամ էլ յուրաքանչյուր 20 խաղաղ տարվան` երեք պատերազմական տարի ժամանակահատված, եւ այսպես շարունակ:
Պատերազմների նման վիճակագրությունը ցույց է տալիս, որ անկախ միջազգային քաղաքական զարգացումների ընդհանուր միտումներից (տեսականորեն եթե անգամ ընդունենք ամենալավատեսական պացիֆիստական դիպաշարերի գոյությունն աշխարհում), մեր տարածաշրջանում պատերազմներն անխուսափելի են: Ընդ որում, տարածաշրջանում հայկական տարրի ներկայիս զբաղեցրած թույլ դիրքերը հնարավորություն են տալիս պնդել նաեւ, որ Հայաստանի համար բացասական ընթացքի դեպքում նոր պատերազմները կարող են կործանարար հետեւանքներ ունենալ հայոց պետականության համար:
Պատերազմների հավանականության գնահատման մյուս կարեւոր հանգամանքը տարածաշրջանում քաղաքական շահերի մշտական անտագոնիստական բնույթն է: Հայաստանի սահմանակից պետություններն իրենց գրեթե բոլոր հարեւանների հետ ունեն լրջագույն խնդիրներ: Տարածաշրջանին վերաբերող ամենից խնդրահարույց հարաբերությունները ռուս-վրացականն ու ադրբեջանա-իրանականն են: Բացի դրանից, հենց ինքը` Հայաստանի Հանրապետությունը, թաղված է լրջագույն խնդիրների մեջ իր հարեւանների հետ հարաբերություններում: Մասնավորապես` Հայոց ցեղասպանության արդյունքում ձեւավորված հայ-թուրքական հարյուրամյա հակադրությունը, Կարսի պայմանագրի կապանքները` այդ թվում նաեւ Նախիջեւանի հարցում, Թուրքիայի անընդհատ փոփոխվող մաքսիմալիստական արտաքին քաղաքականության գոյությունը (պանիսլամիզմ, պանթուրքիզմ, նեոօսմանիզմ), Ադրբեջանի եւ Հայաստանի պետականությունների լինելիության ողջ ընթացքում հայ-ադրբեջանական թշնամանքի պատճառով տվյալ խնդրի օրակարգային մնալը նաեւ առաջիկա տարիներին, Ջավախքի հարցում հայ-վրացական խնդիրների պարբերական ակտուալացումը եւ բազում նման այլ խնդիրներ խոսում են ապագայում եւս մեր պետության` արտաքին ագրեսիայի ենթարկվելու մեծ հավանականության մասին:
Պատերազմի հավանականության խնդրից այժմ անցում կատարենք ազատագրված հողերը թշնամու ձեռքում գտնվելու դեպքում ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին հավանական պատերազմի հասցրած վնասների գնահատման խնդրին:
ԼՂՀ անվտանգության գոտի կազմող ազատագրված տարածքներն ընդգրկում են նախկին ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի (1936 քառ. կմ, ամբողջությամբ), Լաչինի (1835 քառ. կմ, ամբողջությամբ), Ղուբաթլիի (802 քառ. կմ, ամբողջությամբ), Ջեբրայիլի (1050 քառ. կմ, ամբողջությամբ), Զանգելանի (707 քառ. կմ, ամբողջությամբ), Աղդամի (1094 քառ. կմ, մասնակի` 842 քառ. կմ, կամ 77 %) եւ Ֆիզուլու (1386 քառ. կմ, մասնակի` 462 քառ. կմ, կամ 33 %) շրջանները: Ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 7634 քառ. կմ:
Զինադադարից հետո մարտական գործողությունների չվերսկսման հիմնական պատճառը պայմանավորված է եղել հենց այս գոտու` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվելու փաստով: Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած հայ-ադրբեջանական ողջ շփման գիծը` Ադրբեջանի ու Արցախի միջեւ տարածվող ներկայիս փաստացի սահմանները, ամենաօպտիմալ աշխարհագրական բնագծերն են, ինչը ղարաբաղյան կողմին հնարավորություն է տալիս եւ կտա պաշտպանվելու փոքր ուժերով։ Լեռնային ռելիեֆի ընձեռած այդ բնագծերը ռազմական-ռազմավարական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղին օժտում են ինքնաբավությամբ: Հյուսիսում դա Մռավի բարձրադիր լեռնաշղթան է, արեւմուտքում` բնական սահմանը Հայաստանի Հանրապետության հետ, հարավում Արաքս գետը, իսկ արեւելքում` Թալիշ գյուղից մինչեւ Հորադիզ ձգվող պաշտպանական հսկա համակարգը, որն ադրբեջանական ռազմական կառույցների համեմատ ունի ակնառու գերիշխող դիրք: Բացի դրանից, վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական կողմը շփման գծի երկայնքով կառուցել է ամրությունների այնպիսի խորը եւ շերտավորված համակարգ, որը ճեղքելու համար Ադրբեջանին թե՛ ներկայում եւ թե՛ ապագայում անհրաժեշտ կլինի էական (եռապատիկ) թվային գերակշռություն:
Ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու պարագայում հայկական կողմը կկորցնի բացառապես բոլոր իր առավելությունները: «Մադրիդյան» սկզբունքների իրացման դեպքում Ադրբեջանի հետ (ներառյալ Նախիջեւանը) երկու հայկական պետությունների շփման գիծը կմեծանա ավելի քան 450 կիլոմետրով եւ կկազմի 1100 կմ։ Ընդ որում, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաճակատի գիծը կմեծանա ավելի քան 150 կիլոմետրով` կազմելով 360 կմ։
Նման սահմանների պաշտպանության համար ՀՀ զինապարտ արական սեռի բնակչության զգալի տոկոսին հարկ կլինի ներգրավվել մշտական պայմանագրային զինվորական ծառայության մեջ, որն իր հերթին կհանգեցնի ռազմականացված հասարակության կազմավորման` բացասական ողջ հետեւանքներով հանդերձ:
Քելբաջարի շրջանի (Օմարի լեռնանցքի) պաշտպանության համար ներգրավված ներկայիս փոքր զինուժի փոխարեն հարկ կլինի բազմապատիկ ավելացնել հայկական զորախմբի թվաքանակը եւ առնվազն մի ամբողջ բանակային կորպուս կազմավորել Մռավի լեռնաշղթայից մինչեւ Լաչինի միջանցք ձգվելիք ադրբեջանական զինուժին հակակշռելու համար: Արդյունքում վերջինիս տեղաբաշխումը կձգվի հարյուրավոր կիլոմետրեր (Վարդենիսի լեռնաշղթա-Գեղարքունիքի մարզ-Վայոց ձորի մարզ-Սյունիքի մարզ-Լաչինի միջանցք-Շուշիի շրջան-Ասկերանի շրջան-Մարտակերտի շրջան-Մռավի լեռնաշղթա): Նկատի ունենալով Ադրբեջանի համար Քելբաջար-Լաչինի ռազմավարական անգնահատելի նշանակությունը, որտեղ 3-4 անգամ մեծ զինուժ կենտրոնացած կլինի` պատերազմական գործողությունների դեպքում հայկական զորախումբը, եթե դիմի միայն պաշտպանական գործողությունների, կհայտնվի շատ խոցելի վիճակում: Իսկ հարձակողական գործողություններն էլ, համեմատած ներկայիս Մռավի լեռնաշղթայի պաշտպանական հնարավորությունների հետ, հղի են տասնապատիկ անգամ մեծ զոհեր տալու վտանգով:
Բացի Քելբաջար-Լաչինի ուղղությունից, Ղուբաթլին, Զանգելանը, Ջաբրայիլը եւ Ֆիզուլին Ադրբեջանին հանձնելու պատճառով հայկական կողմին հարկ կլինի եւս մեկ բանակային կորպուս կազմավորել Հադրութից մինչեւ Մեղրի ձգվող նոր սահմանագծի երկայնքով: Սակայն ռազմական տեսանկյունից առավել մեծ ու անգամ կործանարար խնդիր կդառնա մեկ այլ հանգամանք: Արաքսի հովտից մինչեւ Սեւանի ավազան ընկած ողջ տարածքում հայկական կողմը կկորցնի թիկունք ունենալու հնարավորությունը: Արդյունքում ՀՀ Սյունիքի մարզը, ինչպես նաեւ ԼՂՀ ամբողջ տարածքը կլինեն ադրբեջանական ռեակտիվ համակարգերի ուղղակի նշանառության տակ` երկու հանրապետություններին կանգնեցնելով ոչ միայն ռազմական, այլ նաեւ հումանիտար աղետի առջեւ:
Պետության անվտանգությանն առնչվող այս վերլուծությունից հետո (իրական վտանգները շատ ավելին են, քան հնարավոր է ներկայացնել մեկ հոդվածով) կարեւոր է նաեւ հպանցիկ անդրադառնալ պետական շահերի վնասի հարցին:
Առաջին կործանարար վնասը Արաքսի հովտի զիջման արդյունքում կլինի տարածաշրջանում Հայաստանի միակ բնական դաշնակցի` Իրանի կորուստը: Տարածաշրջանում խաչվող քաղաքական շահերի ծիրում Հայաստանի նշանակությունը Իրանի համար այսօր արժեք ունի առաջին հերթին հենց այն պատճառով, որ Արաքսի հովիտը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Եթե այսօր իսկ Իրանի նախագահի հայաստանյան այցն առկախվում է Մոսկվայի միջամտության եւ ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի` որոշիչ խոսքի իրավունք ունենալու պատճառով, ապա Արաքսի հովիտը Ադրբեջանին հանձնելու պարագայում ընդհանրապես կորսվելու է այն շարժառիթը, որը Թեհրանին մղում է քաղաքական գործընկերություն պահպանել Երեւանի հետ հարաբերություններում:
Հայաստանի պետական շահերի տեսանկյունից հողերի հանձնման արդյունքում մեկ այլ վնաս է սպասվում տերությունների եւ, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններում: Հայ-ռուսական դաշնակցության դիտանկյունից Հայաստանը բոլորովին կկորցնի Ադրբեջանին զսպելու ու դիմագրավելու ողջ ներուժը, իսկ այլ տերությունների աշխարհաքաղաքական շահերի դիտանկյունից` նաեւ թուրքական ծրագրերին դիմագրավելու իր փոքր նշանակությունն անգամ:
Այս ամենով հանդերձ` Հայաստանի պետական շահերի տեսանկյունից ազատագրված հողերի հանձման արդյունքում ամենամեծ վնասը սպասվում է հեռանկարային ազգային ռազմավարական ծրագրերին: Հարավային Կովկասի երեք երկրների բնական, փոխլրացնող ու հավասարակշռված զարգացման համար ապագայում Հայաստանին անհրաժեշտ կլինի յուրացնել նոր կենսական տարածքներ, քանի որ առանց երեք հանրապետությունների հավասարակշռության պահպանման Կովկասում չեն կարող լինել խաղաղ գոյակցություն ու զարգացում: Իսկ նման հաշվեկշռի ապահովման միակ գրավականը կարող են լինել ազատագրված տարածքները: «Մադրիդյան» սկզբունքների գործնական կիրառման արդյունքում նման հաշվեկշռի խախտումն իրականություն կդառնա արդեն այսօր եւ նոր պատերազմի հավանականությունը կմեծացնի առավել, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Կատարված համառոտ այս քննությունը հիմք է տալիս պնդելու, որ ազատագրված հողերի հանձնումն ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանն ու պետական շահերին ոչ միայն անորոշ ապագայում, այլեւ մոտակա տարիներին: Ավելին` նման սպառնալիքը դառնում է անխուսափելի եւ հղի է հայոց պետականության կորստով:
Քաղաքական այս գնահատականը, սակայն, առայժմ առկախ է թողնում իրավական գնահատականի հարցը, որն էլ կփորձենք ներկայացնել հաջորդ հոդվածում:
(Շարունակելի)
Սարո Սարոյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Ազատագրված հողերի հանձնումը եւ դավաճանությունը-3