Քաղաքական

28.07.2021 11:15


Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին:

«Ընդունել ենք ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 10:00-ից (Բաքվի ժամանակով) հրադադար հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Հայկական կողմը ունի 3 զոհ, 2 վիրավոր։

Աղբյուրը՝ tert.am

***

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։

Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-ասված է հաղորդագհրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը