Հարցազրույց

20.06.2011 14:47


Հրայր Սավզյան.

Հրայր Սավզյան.

Հարցազրույց «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանի հետ

–Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Այսօ՞ր էլ կարելի է նման բան ասել, ինչո՞վ կարող է Հայաստանն այսօր գրավել զբոսաշրջիկներին։

–Կարելի է այդպես ասել։ Ինչպես օլիգարխներից մեկն էր ասում, Հայաստանում կարելի է զարգացնել հանքարդյունաբերական տուրիզմ, օրինակ՝ Լոռին՝ հանքարդյունաբերական թանգարան բաց երկնքի տակ։ Այսինքն, եթե այս տեմպերով շարունակվի, ամբողջ Հայաստանն իսկապես կվերածվի հանքարդյունաբերական թանգարանի։ Սա իմ կարծիքն է։ Սա, իհարկե, չի գրավի զբոսաշրջիկներին։ Սա ցինիզմի դրսևորում է, հիմարություն է, ու կարելի է միայն դառը ծիծաղել։

–Վերջերս հայտարարություն արվեց, որ Սևանը պետք է դարձնել զբոսաշրջության կենտրոն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին, ի՞նչ հեռանկար կա։

–Սևանի առումով շատ լավ կլիներ, եթե զարգացվեր էկոտուրիզմը, որը մինիմալ վնաս է հասցնում բնությանը։ Այս դեպքում կարիք չի լինի, մեծ ենթակառուցվածքներ անելով, վնասել բնությանը, և մեծ ծախսեր էլ չեն արվի։ Այս դեպքում, ավելի փոքր ներդրումներ անելով, կարելի է եկամուտ ստանալ, բայց դա հեռանկարային ծրագիր կլինի, իսկ մեր օլիգարխներն ուզում են միանգամից հարստանալ և սկսում են բնության հետ անխնա վարվել  և կառուցապատումներ  անել։ Սևանի մասին խոսելիս, սակայն, մենք նախ և առաջ պետք է մտածենք Սևանը  բուժելու  մասին, այսինքն՝ Սևանի  ջուրը մաքրելու  մասին, քանի որ շատերը՝ հենց իմ ընկերները, որոնք քիչ թե շատ  տեղյակ են էկոլոգիական վիճակից, Սևանի  ջրի մաքրությունից, ուղղակի զզվում են ջուրը մտնելուց ու նույնը կլինի, օրինակ, եվրոպացիների հետ, երբ իմանան՝ ինչ բաղադրություն ունի ջուրը, ինչքան կոյուղաջրեր են լցվում, ինչքան ծանր մետաղներ  կան և այլն, և այլն։ Այս ամենը որ կա, էլ ի՞նչ տուրիզմի  զարգացման մասին է խոսքը։ Մենք առաջին հերթին պետք է ջրի մաքրության մասին մտածենք։

–Այսօր  մեզ համար խնդիր է ոչ միայն էկոլոգիական վիճակը, այլ նաև գնային քաղաքականությունը։ Ի՞նչ  կասեք այս մասին։

–Ես համաձայն եմ, որ գները շատ բարձր են։ Ես իմ կենսափորձից կարող եմ ասել, որ տարեցտարի վիճակն ավելի  է վատանում։ Ուսանող ժամանակներից սկսած՝ ամեն տարի ընկերներիս հետ գնացել եմ Սևանի տարբեր ափեր և մնացել անգամ իմ վրանում, բայց այսօր այդ հնարավորությունն էլ չկա, քանի որ տարեցտարի ափերն ամբողջությամբ սեփականաշնորհվեցին, ու որպեսզի գաս քո վրանը խփես ու մի քանի օր հանգստանաս, դու էլի գումարներ պետք է վճարես, էլ չեմ խոսում հյուրանոցների ու ավտոտնակների մասին։ Օրինակ՝ Շորժայի ափը, որտեղ ես ամեն տարի գնում էի, հիմա ամբողջովին  սեփականաշնորհված է։

–Անցած տարվա տվյալներով՝ Հայաստանից մոտ 200 հազ մարդ  է մեկնել՝ հանգստանալու Վրաստանում, և գրեթե  բոլորը նշում էին, որ  այնտեղ շատ ավելի էժան ու որակով է, քան այստեղ։ Ի՞նչ եք կարծում՝ անցած  տարվա այս տվյալն ունենալով՝ մենք որևէ դաս քաղեցի՞նք։

–Ժողովուրդը հետևություն անում է, բայց կառավարությունը հետևություն չի անում։ Ես չեմ կարծում, որ պայմանները փոխվել  են։ Ես այս տարի առաջին անգամ պատրաստվում եմ գնալ ծով՝ Վրաստանում հանգստանալ և նախորդ հարցերին պատասխանելիս արդեն նշեցի, թե ինչ պատճառներով. ես ուզում եմ մաքուր ջուր, հարմար գներ։ Կուզենայի գնալ Սևան, բայց այդ պայմանները չկան։ Բոլոր ափերը գրավված են, մի ափն էլ հենց բնապահպանության նախարարությանն է պատկանում՝ իրենց առանձնատներն են կառուցված, ու Շորժայում մի ամբողջ մաս ցանկապատված է։ Ահա այսպիսի իրավիճակ է, իսկ դրսում նման բանի չեմ հանդիպի։

–Կարելի՞ է ասել, որ կառավարության այն հայտարարությունները, թե ուզում են Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնել, պարզապես օդում կախված խոսքեր են։

–Մեծ հաշվով այդպես է։ Համենայնդեպս, ես հակառակը փաստող ինչ–որ ապացույցների չեմ հանդիպել ու չեմ էլ հավատում, որ իշխանություններն իրապես ինչ–որ բարեփոխումներ կկատարեն։ Հնարավոր է (նախընտրական շրջան է)՝ այս մեկ տարում փորձեն մեզ ինչ–որ  չափով զարմացնել, ինչ–որ փոփոխություններ լինեն, բայց սրանք սկզբունքային հիմնախնդիրների էությանն առնչվող բարեփոխումներ չեն լինի։ Ես այս իշխանություններից ակնկալիքներ չունեմ։ Տուրիզմի մասին խոսելիս երկու փաստ հիշենք ընդամենը։ Աղթալայի վանական համալիրը, որը հրաշալի կառույց է, 4 կողմից պոչամբարներով է շրջապատված... Ի՞նչ մտածեն տուրիստները, երբ գան ու տեսնեն այդ չքնաղ վանքային համալիրն ու այդ թունավոր պոչամբարնեը։ Կամ, ասենք, Տաթևի նորակառույց ճոպանուղու կողքին ոսկու կամ չգիտեմ՝ ինչի մեծ հանք է լինելու, ինչպե՞ս դրանք կարող են համատեղվել։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը