Քաղաքական

26.07.2021 09:39


Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է

Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է

Հայաստանի պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները, գրում է Hetq.am-ը:

ՊՆ-ից 47 օր է պահանջվել, որպեսզի մերժի տրամադրել վերը նշված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք, ինչպես նաև պաշտպանվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով, իսկ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրված է դեռևս 2015թ. պաշտպանության նախարարի հրամանով:

ՊՆ-ից հարցումը ստանալուց հետո տեղեկացրել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Մինչ պատասխան ուղարկելը, նախարարության աշխատակիցը զանգահարել է լրագրողին և հարցման վերաբերյալ մի քանի ճշգրտող հարց տվել՝ խոստանալով 1-2 օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվությունը: Հարցումը ստանալուց 47 օր անց (էլեկտրոնային հասցեին պատասխանն ուղարկվել է 24.07.2021թ.) նախարարությունից պատասխանել են, թե տեղեկատվության պահանջը մերժվում է:

Պաշտպանության նախարարությունը կամ այլ գերատեսչություններ լրատվամիջոցներից ստացված հարցումները «չեզոքացնելու» նոր մարտավարություն են որդեգրել: Թեմայի արդիականությունը կորցնելու համար 30 օր են պահանջում, այնուհետև մերժում տեղեկատվության տրամադրումը:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից չենք պահանջել որևէ անհատականացնող տվյալ՝ օրինակ, անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն: Հետևաբար տարօրինակ է, որ թվային տվյալը համարում են անձնական տվյալ՝ չնշելով, թե որն է անձնական տվյալը: Բացի այդ, եթե նույնիսկ հարցման մեջ որևէ տվյալ համարվել է անձնական, ապա պարտավոր էին տեղեկատվություն տրամադրել մնացած մասով, ինչն արել է, օրինակ Արմավիրի մարզպետարանը՝ ըստ համայնքների տրամադրելով մարզի բնակիչ հանդիսացող զոհված անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններով, Ազգային ժողովում կառավարության անդամները պարբերաբար հրապարակում են զոհված զինծառայողների, անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն: Ստացվում է, որ վերջիններս կա՛մ պետական գաղտնիք են բացահայտում, կա՛մ տրամադրում են խեղաթյուրված, ոչ ստույգ տվյալներ:

Այս խորագրի վերջին նյութերը