Քաղաքական

24.07.2021 22:58


Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ վարչական տարածքում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը՝ առավոտյան ժամը 8-ին վիրահատությունից հետո զինվորը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Զինծառայողի մոտ հաստ ու բարակ աղիքներ են վնասվել, բժիշկները հեռացրել են ձախ երիկամը:

Հրաձգության ժամանակ վիրավորում ստացած մյուս՝ պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի ու Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը