Լրահոս

17.04.2009 19:58


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին և «Երկրի աջակցության ռազմավարություն» ծրագրի առաքելության ղեկավար Սամյա Միտրային

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին և «Երկրի աջակցության ռազմավարություն» ծրագրի առաքելության ղեկավար Սամյա Միտրային

Վարչապետը նշել է, որ ՀԲ-ի կողմից տրամադրված 85 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներից 50 մլն-ը փոքր և միջին ձեռնարկատիրությանն ուղղելու վարկային ծրագիրն արդեն նկատելի թափ է հավաքում։

Արիստոմենե Վարուդակիսն իր հերթին ընդգծել է, թե ուրախ է, որ Հայաստանի հետ նոր՝ քառամյա համագործակցության ծրագրի սկիզբը բավական խոստումնալից է։ Նա վարչապետին է ներկայացրել Հայաստանի աջակցության ռազմավարության նախագիծը, որի շուրջ փոխհամաձայնության գալու դեպքում, ս.թ. հունիսի սկզբներին այն կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։

Շատ սեղմ ժամկետում կազմված այդ փաստաթղթով նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանին տրամադրվելիք 525 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ավելացնել ևս 20 մլն դոլարով։ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է, որպեսզի աջակցության ռազմավարության նախագծով նախատեսվող ուղղությունները համապատասխանեն ՀՀ կառավարության ծրագրերին և ուղղվեն հիմնականում սոցիալական հիմնահարցերի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Արիստոմենե Վարուդակիսը և Սամյա Միտրան պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև այն դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կհայտնեն աջակցության վարկեր տրամադրել Հայաստանին։

 

Այս խորագրի վերջին նյութերը