Տնտեսական

23.07.2021 13:05


Հայաստանում անասնակերի պակաս կա. տուժողը նորից գյուղացին է (տեսանյութ)

Հայաստանում անասնակերի պակաս կա. տուժողը նորից գյուղացին է (տեսանյութ)

Խիստ չոր եղանակի պատճառով անասնապահներն այս տարի իրենց ակնկալած անասնակերի քանակը չեն ստանա։ Սրա հետեւանքները շուկայի վրա մեծ ազդեցություն կունենան։ Գյուղացիները ստիպված կլինեն կրճատել գլխաքանակը, ոմանք էլ չսնանկանալու համար կաթի որակը կիջեցնեն։

Ֆերմեր Տիգրան Եղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մյուսների համեմատ հաջողակ է. կարողացել է ֆերմայի անասնակերի գոնե 40 տոկոսը հայթայթել։

«Անցյալ տարի 1 հեկտար խոտատարածքներից հնձում էին մոտավորապես 200-250 տուկ, այս տարի մոտավորապես 30-40 տուկ է եղել։ Այսօր արդեն 1 տուկը վաճառում ենք 2000-2300 դրամ։ Բացառվում է, որ գյուղացին կարողանա այդ գնով գնել։ Դիմում ես մարզպետարաններին, դե կառավարություն էլ գոյություն չունի, մարզպետարանից էլ ասում են, որ սա մեր ենթակայությունից դուրս է»,-պատմեց նա։

Ֆերմերն ասաց, որ իր անասուններին շարունակելու է դաշտեր հանել, պետք է փորձի մինչեւ աշուն անասուններին դաշտում եղածով պահել. «Գյուղացին որեկ հղի վիճակում նույնիսկ կով է մորթել 1200 դրամով, որ կարողանա մյուս կովի համար խոտ հայթայթել։ Մինչդեռ Երեւանում միսը 2500-3000 դրամի է հասել միսը»։

«Պանրագործների միության» ՀԿ նախագահ Արմեն Գիգոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խոտն այս տարի մի ամիս շուտ սկսեց չորանալ, գյուղացիները չեն հասցրել հավաքել խոտը ։

«Տվյալ ոլորտը կառավարելու համար պետք է ստեղծել պլատֆորմա համապատասխան կարգավիճակ ունեցող ֆերմերների։ Տալ անասնապահության համապատասխան չափանիշներն ու չափորոշիչները. Եթե անհրաժեշտ է՝ դասընթացներ, սուբսիդավորում։ Ինչ-որ արդեն անհրաժեշտ է, պետք է ձեռնարկել, այդպիսով քայլ առ քայլ կաթի արտադրությունը Հայաստանում խելքի բերել։ Պետք է չլինի այնպես, որ տարվա երկրորդ կես բնական կաթից ստացվող պանիրների հետ կապված դեֆիցիտ ունենանք։ Դա նաեւ ինչ-որ տեղ առողջության հետ է կապված»։

Արմեն Գիգոյանի խոսքով՝ խնդրի ամենակարեւոր լուծումը ոլորտի ճիշտ կառավարումն է. «Պետք է ուշադրություն դարձվի կադրերի վրա։ Դա շատ կարեւոր է։ Եթե ինձ հարցնեն, ապա ոլորտն ինքը ֆունդամենտալ փոփոխության կարիք ունի։ Բայց այն, ինչ ունենք հիմա, գոնե կադրերի վրա էլ ուշադրություն դարձնեն»։

Մինչ այդ գյուղացին երկընտրանքի առջեւ է. մորթել անասուններին, թե սպասել կառավարության աջակցությանը։ Ֆերմերները զգուշացնում են՝ սրանից միայն գյուղացին չի տուժելու. կաթի պակասի պատճառով կաթնամթերք արտադրողները կսկսեն կաթին փոշի խառնել, անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով անասնագլխաքանակը կկրճատվի, հետեւաբար միսը խանութներում կթանկանա։

Այս խորագրի վերջին նյութերը