Քաղաքական

19.07.2021 22:03


Ադրբեջանցիները օդ են կրակում. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին

Ադրբեջանցիները օդ են կրակում. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին

Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ գյուղերի բնակիչները ստիպված վաճառում են ապրուստի հիմնական միջոց անասուններին, քանի որ թշնամու նշանառության տակ գտնվող խոտհարքերից անհնար է ձմռան պաշար հավաքել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Մարդիկ արդեն սկսել են վաճառել անասուններին, ապրուստի միջոց էլ չունեն, իրենց ապրելակերպը դժվարանում է»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարն ասում է` անասնակերը շատ է թանկացել, եթե նախկինում 1 հակ խոտը 700-800 դրամով էին գնում, հիմա այն մոտ 3 անգամ թանկացել է` հասնելով 2000 դրամի։

«Համեմատաբար ներքևի խոտհարքերից մի քիչ հավաքել են, մյուս հողերը նշանակետի տակ են, խոտ հավաքելու համար ոչ ոք այդ ռիսկին չի գնա։ Թշնամու զինվորները հաճախ են օդ կրակում։ Կարելի է ասել`անասնապահությունը մեռավ այդ տարածքներում»,-նշեց Ավետյանը։

Ավետյանի խոսքով` Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող թշնամու զորքերը հազիվ թե ինքնակամ հեռանան։ Իրենց ձեռքին էլ հնար չկա, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, բայց պետությունից էլ հույս չկա։ Եթե գյուղացիները ինչ-որ պահից որոշեն լքել գյուղերը, համայնքի ղեկավարը չի կարող ոչինչ անել. լավ օրից չէ, որ մարդիկ պատրաստվում են այդ քայլին դիմել։

«Այս պահի դրությամբ արտահոսքը շատ չէ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես ինչպես կարող եմ պայմանավորվել ադրբեջանցիների հետ, ժողովրդին էլ երաշխիք տալ»,-իր մտահոգությունը հայտնեց Ավետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը