Քաղաքական

19.07.2021 12:05


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել համայնքների ղեկավարների փաստաբանները՝ կապված նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների և նրանց ազատությունից զրկելու հետ: Ըստ փաստաբանների՝ քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ:

Դրանից բացի, հունիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ: Մանրամասն քննարկվել են Գորիս, Սիսիան, Քաջարան համայնքների ղեկավարների, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի փաստաբանների բարձրացրած և նրանցից յուրաքանչյուրի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Այլ հարցերի թվում փաստաբանները պնդել են, որ իրենց վստահորդներին բերման ենթարկելն ու ձերբակալելը տեղի են ունեցել նրանց իրավունքների խախտումներով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել նաև քրեական հետապնդման նախաձեռնումն ու կալանավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Սույն հայտարարությամբ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում շարունակվում է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ քննարկումների, այցերի և պաշտոնական հաղորդակցության միջոցով:

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը