Մեկնաբանություն

17.06.2011 21:12


No comment

No comment

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Սերժ Սարգսյանի խոսքին սպասելով՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հալումաշ էր լինում՝ նույն վիճակին հասցնելով նաև իր թիմակիցներին։

«Խոխման» այն էր, որ Սարգսյանն իրականում պատասխանել էր ՀԱԿ–ի՝ պատվիրակությունների մակարդակով կլոր սեղանի շուրջ արտահերթ ընտրությունների մասին բանակցելու առաջարկին։ ՀՀԿ «ճկուն» ղեկավարն իր ենթակաների շուրթերով, ինչպես բազմիցս գրել էի, «պասլատ» էր արել Տեր–Պետրոսյանին և չհասկանալ դա՝ նշանակում էր պարզապես չիմանալ ժողովրդական հայտնի խոսքի մասին, ըստ որի՝ «դուզ» խոսքն էշին են ասում։

Չնայած սարգսյանական «պասլատներին»՝ Տեր–Պետրոսյանն ու իր «կամանդը» համառորեն հայտարարում էին, թե Կարեն Կարապետյանի, Գալուստ Սահակյանի ու մյուս ՀՀԿ–ականների «պասլատը» հաշիվ չէ և իրենք սպասում են Սերժի՛ խոսքին։ Ի՞նչ իմանային ՀԱԿ–իստներն ու անձամբ Տեր–Պետրոսյանը, որ Սերժի «լռությունն» իրենց համար ավելի լավ էր, քան՝ խոսելը. «լռության» փուլում գոնե դեմագոգիայով զբաղվելու և շարքերի «տոնուսը» բարձր պահելու հնարավորություն կար, իսկ հիմա...

Հիմա Սերժ Սարգսյանն ընդառաջ գնաց բազմաթիվ «հեռուստադիտողների» խնդրանքին և  խոսեց։ Խոսեց և արդեն «ափաշքյարա» «պասլատ» արեց Տեր–Պետրոսյանի առաջարկները՝ «էջմիածնական միաբաններին» ցույց տալով Արթուր Բաղդասարյանի հետ «երկխոսելու» և Մարզահամերգային համալիրում տասնյակ կուսակցությունների կողքին տեղ զբաղեցնելու ուղղությունները։

ՀԱԿ–ի արձագանքն այս ամենին ապշեցուցիչ էր։ Այն պատմության մեջ կմտնի որպես ինքնանվաստացման ու էջմիածնական միաբաններից է՛լ ավելի «միաբանական» լինելու և հաճախորդանալու դասական օրինակ։

Պարզվում է, որ Սարգսյանի «պասլատում» Տեր–Պետրոսյանը որոշակի անհստակություններ և բազմիմաստություններ է տեսել և պատրաստվում է «Եղիազարի» խոսքին գնահատական տալ միայն կառույցներում քննարկումներ կազմակերպելուց հետո։ Ինչպես ասում են՝ «no comment»:

Մեղք էր «թռչնակը»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Լավ, այս ամենը դեռ մի կողմ։ Բա հիմա Լևոնի հինգ հոգանոց պատվիրակությունն ինչո՞վ է զբաղվելու։  Կարծում եմ, որ ճիշտ կլինի «գյալաջին» սկսել Կարեն Կարապետյանից։ Բայց խոսքս մայրաքաղաքի ղեկավարի, այլ ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին է։ Կարենի հետ «երկխոսության» ժամանակ համ էլ ձեռքի հետ կարելի է Երևանի ավագանու մանդատները նրանից վերցնել. այս զավզակությունից (կներեք՝ «երկխոսությունից») գոնե դա «քյար» կմնա։

Հ.Գ.-2։ Հաջորդ հանրահավաքին Տեր–Պետրոսյանը, հավանաբար, կհայտարարի, թե Սարգսյանի խոսքերից հետո «երկխոսության» դուռն այժմ եթե ոչ լրիվ փակ, ապա առնվազն կիսափակ է։ «Պա–պի՛, պա–պի՛»,– նրա այդ ելույթին, ենթադրաբար, կարձագանքեն զոմբիները և կշարունակեն իրենց «պայքարը», բայց արդեն ամառային «գովազդային ընդմիջումից» հետո։ Եվ ուրեմն՝ պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վե՛րջ։

Այս խորագրի վերջին նյութերը