Քաղաքական

16.07.2021 18:08


Գեղարքունիքում անորոշ, լարված վիճակ է․ սահմանապահներ են տեղափոխվում՝ ընտանիքներով․ Գեղամասարի համայնքապետ

Գեղարքունիքում անորոշ, լարված վիճակ է․ սահմանապահներ են տեղափոխվում՝ ընտանիքներով․ Գեղամասարի համայնքապետ

Ռուս սահմանապահներն իրենց ընտանիքներով տեղակայվելու են Սոթքում, տարածքի խնդիր կար, կարգավորվեց։ Ժամանակավոր կացարաններ կսարքվեն, ռուս սահմանապահների՝ այնտեղ ապրելու հանգամանքը տեղի բնակիչների բնակության վրա չի ազդելուYerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ Ավետյանն ասաց, որ լարված վիճակ է, դեռ չգիտեն, թե ինչ է լինելու։

«Սոթքում արդեն ռուս սահմանապահներ կան, որոշ մասն արդեն եկել է։ Այն փուլում ենք, երբ դեռ պիտի որոշվի՝ ինչ է լինելու, կամ էլ արդեն որոշված է, ես տեղյակ չեմ։ Հրաձգություն, ճիշտ է, շատ չի լինում, բայց սահմանին լարվածությունը պահպանվում է»,-նշեց նա։

Ավետյանից հետաքրքրվեցինք՝ պատկան մարմիններին, կառավարության անդամներին, մարզպետ Գնել Սանոսյանին հարցրել են՝ ե՞րբ են, ի վերջո, ադրբեջանցիները հեռանալու Գեղարքունիքի մարզից, պատասխանեց․ «Ես այդ հույսը չունեմ»։

Դիտարկմանը՝ փաշինյանամերձ անձինք պնդում էին, որ թշնամու ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածքներ պայմանավորված է ընտրություններով, ընտրությունների ավարտից հետո կհեռանան, Ավետյանն արձագանքեց․ «Ես շատ ուրախ կլինեի, որ այդպես լիներ, բայց նման հույս չունեմ։ Լարված իրավիճակ է, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է լինել։ Բնակիչներն էլ վախի մեջ են, տագնապը կա, եթե թուրքը մոտ է, նստած է սարերում, ո՞նց չտագնապեն»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր, տեղակայվել բարձրադիր գոտիներում, զավթել բնակիչների արոտավայրերը, գյուղատնտեսական նշանակության մշակահողերը եւ չի հեռանում։ Ավելին՝ ոտքը պնդելու համար թշնամին մեր հողերի վրա շինաշխատանքներ է իրականացնում։

Այս խորագրի վերջին նյութերը