Քաղաքական

16.07.2021 14:44


ՍԴ նիստն ընթացել է ոչ լեգիտիմ կազմով, ընթացակարգային կոպիտ խախտումներով, չի պահպանվել գործի քննության հրապարակայնության սկզբունքը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

ՍԴ նիստն ընթացել է ոչ լեգիտիմ կազմով, ընթացակարգային կոպիտ խախտումներով, չի պահպանվել գործի քննության հրապարակայնության սկզբունքը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը նիստն իրականացրել է ոչ լեգիտիմ կազմով, 9 դատավորներից 5-ը եղել են ոչ լեգիտիմ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«ՍԴ նախագահ Արման Դիլանյանը չուներ նիստը նախագահելու իրավունք, քանի որ դատարանը որոշում չէր կայացրել Դիլանյանին նախագահ ընտրելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանի նիստը պետք է նախագահեր տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկող դիմումների քննությանը Ղազարյանը նշեց, որ ներկայացված 4 դիմումներին միակ պատասխանողը պետք է լիներ ԿԸՀ-ը, քանի որ քննվում էր ԿԸՀ-ի որոշումը: «Սակայն գործի քննությանն արհեստական կերպով մարմիններ են ներգրավվել, որոնք պաշտպանել են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի տեսակետները»,-ասաց աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Ղազարյանը:

Ըստ Ղազարյանի՝ ՍԴ նիստում պարզ դարձավ, որ ներկայացված 4 դիմումները բավարար չափով ուսումնասիրված չեն: «Զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը չէր հասցրել բավարար չափով ուսումնասիրել բոլոր դիմումները, դրանց փաստական հանգամանքները և, ըստ էության, նրա ելույթից պարզ դարձավ, որ նա պատշաճ ձևով գործը չի ներկայացրել դատավորներին, ինչն արդարադատության որակի վրա չէր կարող բացասաբար չանդրադառնալ: Տպավորություն էր, որ ՍԴ դատավորներից շատերը գիտեին, թե ինչ որոշում են կայացնելու և լրացուցիչ ջանքեր չէին գործադրում»-ասաց Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը նաև անդրադարձավ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությանը: «ՍԴ դատավորները շփոթվեցին լսելով միջնորդությունը՝ ասելով, որ ժամը 18:00-ից հետո կխորհրդակցեն և որոշում կկայացնեն: Սակայն ՍԴ-ի մասին օրենքը խորհրդակցության ինստիտուտ չի նախատեսում, արգելվում է՝ մեկ դատավոր ազդեցություն ունենա մեկ այլ դատավորի կարծիքի ձևավորման վրա»:

Նա եզրակացրեց, որ ՍԴ նիստն ընթացել է աշխատակարգային, ընթացակարգային կոպիտ խախտումներով, չի պահպանվել գործի քննության հրապարակայնության սկզբունքը, ինչը բավարար է դատարանի լեգիտիմությունն ու օրինականությունը կասկածի տակ դնելու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը