Կարծիք

17.06.2011 16:28


Ի՞նչ պետք է անի Ծառուկյանը

Ի՞նչ պետք է անի Ծառուկյանը

Օրեր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վ. Բոստանջյանը մի շարք ոչ ճիշտ ձևակերպումներով հերքեց ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու վարկածը:

Կազմակերպված և  մեկ կենտրոնից ուղղորդվող լրատվահամակարգը (1 թերթ, 1-2 կայք) անմիջապես շրջանառության մեջ դրեցին նրա ասածները: Բայց եկեք շրջանցենք այդ ամենը։ Խնդիրն այդ լուրը չէ։ Խնդիրը նույնիսկ կոնկրետ պատգամավորի կոնկրետ ասածներն ու այդ ասածները տարածած «չեզոք» լրատվամիջոցները չեն, այլ քաղաքական մտածողությունը, իսկ տվյալ դեպքում` դրա բացակայությունը:

Եթե Գ. Ծառուկյանի խմբակցությունը կազմված լիներ քաղաքական դեմքերից, ապա որևէ պարագայում հնարավոր չէր լինի նման վրիպակ: Եթե Ծառուկյանը ունենար քաղաքական մտածողությամբ պատգամավորներ, ապա Բոստանջյանին տրված հարցին նրանք կպատասխանեին հետևյալ կերպ. «Քաղաքականության մեջ շատ հազվադեպ է լինում, որ ամենաբարձր վարկանիշ ունեցող կուսակցությունը դառնա ընդդիմություն: Դա կլինի նոնսենս»:  Հաջորդ քայլով, պիտի ասվեր, որ քաղաքական դաշտում արձանագրված երկխոսության մի կողմին հրապարակային ստորացնում է ՀՀԿ-ն, իսկ իմ կուսակցությունը պահպանում է առավելագույն զսպվածություն և կոռեկտություն: Իսկ ամենավերջում, պետք է շեշտվեր, որ եթե ԲՀԿ-ն զգաց, որ իր դեմ պրոցեսներ են ուղղորդվում, ապա արագ և ադեկվատ որոշումներ կկայացնի:

Սա կլիներ լուրջ քաղաքական ուժի և լուրջ պատգամավորի լուրջ պատասխան: Իսկ քանի որ, ցավոք սրտի, ԲՀԿ խմբակցությունում շատ քիչ են պատրաստված պատգամավորները, (հազիվ 1-2 հոգի), ապա  ստացվում է բոստանջյանական տիպի  պատասխան:

Իրականում ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանը կանգնած են բավական անհարմար խնդրի առաջ:  Բանն այն է, որ ԲՀԿ-ն օբյեկտիվորեն գնալով ուժեղանում է, անձնամբ Ծառուկյանի շուրջ հավաքվում են մեծաթիվ  նոր և պատրաստված շրջանակներ: Ու հիմա ԲՀԿ-ի ներկա խմբակցությունը իր որակներով և մակարդակով  ակնհայտ զիջում է ԲՀԿ-ի ապագա խմբակցությանը: Բայց առջևում դեռ 10 ամիս ժամանակ կա ու բոստանջյանները դեռ բազմաթիվ անգամ կարող են վրիպումներ են թույլ տալ:

Այս պայմաններում Գ. Ծառուկյանը ունի մեկ լուծում. աշնանային քաղաքական սեզոնի սկզբից  իմպերատիվ կերպով սահմանափակի ներկա պատգամավորների «նախաձեռնողական» ակտիվությունը, «միամիտ» վրիպումները և հրապարակային հանդես գալու իրավունքը փոխանցի ոչ պատգամավորական, բայց պատրաստված ու իր կողմից վստահելի նոր դեմքերի: Պարզ ասած` քաղաքականացի իր թիմը: Եթե Ծառուկյանին հաջողվի ԲՀԿ-ի  այսօրվա վարկանիշային ֆոնին ավելացնել նաև քաղաքական կոմպոնենտը, ապա նա առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ խնդիր չի ունենալու:  Հակառակ պարագայում ԲՀԿ–ում ստիպված են լինելու անընդհատ շտկել սեփական վրիպումները:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը