Քաղաքական

15.07.2021 10:10


Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակցին սենյակում փակել են՝ ԱԱԾ-ն ներսում, կանանց տուն են ուղարկել․ Աննա Գրիգորյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակցին սենյակում փակել են՝ ԱԱԾ-ն ներսում, կանանց տուն են ուղարկել․ Աննա Գրիգորյան

Բոլորի համար անակնկալ է եղել, աշխատակիցներն առավոտյան աշխատանքի են գնացել, մեկ էլ տեսել են՝ ԱԱԾ զինված հատուկջոկատայինները դիմակներով ներս են մտնում ու չեն էլ հասկացել՝ ինչ է կատարվում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սյունիքը ներկայացնող «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած Աննա Գրիգորյանը՝ խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում առավոտից տեղի ունեցող տեռորի ու հետապնդումների մասին։

«Ալֆա» ջոկատայինները՝ ներս մտնելով, ելքերն ու մուտքերը փակել են, ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում խուզարկություններ իրականացրել, համակարգիչներն առգրավել, մարդկանց հարցաքննել ու քննչական գործողություններ իրականացրել առանց փաստաբանի ներկայության, բերման ենթարկել անվտանգության աշխատակցին, որն առանձնապես ոչնչով առանձնացող չի եղել։

Եղել է դեպք, որ աշխատակցին ուղղակի սենյակում փակել են՝ ԱԱԾ-ն ներսում, ոչ մեկին, այդ թվում դատապաշտպանին թույլ չեն տվել ներս մտնի և միայն որոշակի գործողություններից հետո, այդ թվում՝ ՄԻՊ Արման Թաթոյանի անմիջական մասնակցության արդյունքում է փաստաբանը կարողացել ներս մտնել»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Այս պահին կանանց տուն են ուղարկում, ասաց նա, նույնիսկ դրա տրամաբանությունն է անհասկանալի, տղամարդկանց նկատմամբ դեռևս որոշակի քննություն է ընթանում։

Անհասկանալի է նաև, թե որ շրջանակներն են ընտրել՝ քննության ենթարկելու համար և ինչ են ուզում նրանցից կորզել։

«Ներխուժումը տեղի է ունեցել ապօրինի, այնտեղ են ոստիկանական ուժերը, ԱԱԾ հատուկջոկատայինները, և մարդկանց պարզապես տեռորի են ենթարկում՝ փորձելով ինչ-որ բաներ կորզել նրանցից ցուցմունքը միջոցով, բայց ավելի մանրամասն այս պահին հայտնի չէ, որովհետև նույնիսկ առանձին դեպքերում ստիպված ենք եղել խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որպեսզի վերջինիս միջնորդությամբ կամ ուղղակի ազդեցությամբ իրավաբան-պաշտպաններին թույլ տան մուտք գործել քննության վայր կամ ում որ հարցաքննում են՝ պաշտպանը ներկա լինի այդ հարցաքննությանը։ Թե իրենց վերջնական ցանկացածն ի՞նչ է՝ ինչո՞ւ են նման բան իրականացնում թիվ մեկ հարկատուի նկատմամբ, սա պետական մակարդակով շատ մեծ հարցականի տակ պետք է դնել»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Այսօրվա ամսաթիվը խորհրդանշական է և, կարծես, ակնարկում է, թե ինչու է փաշինյանական իշխանությունը հենց այս օրն ընտրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրոհելու համար և թե ինչ է նա ուզում․ միայն հիշենք, որ Փաշինյանը հանրահավքին հայտարարեց՝ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ` էդ նախադասությունը իրենց լեզուներով պտտածները մինչև հուլիսի 15-ը կոմբինատում չեն աշխատելու, դա ձեզ խոստանում եմ», այսօր հուլիսի 14-ն է՝ Փաշինյանի խոստումը կատարելու վերջնաժամկետը։ Փաշինյանը հայտարարեց, որ մասնավոր ընկերության աշխատակիցներին ինքը աշխատանքից կազատի հեշտությամբ, իսկ «տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը»։

Նախադասությունը, որի մասին խոսում էր, այն էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից, իբրև թե, տեղեկություններ է ստացել, թե ղեկավարությունն արգելել է գալ իր հետ հանդիպումների: Այնինչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը պատասխանեց Փաշինյանի այս սպառնալիքներին, որ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:

Պարագ Յոհաննես Բհատը նաև ասաց, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների ոտնահարման փորձերը և բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում: Նաև տեղեկացրեց, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավասու պետական մարմիններին։

Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ այս կոմբինատը Հայաստանի թիվ 1 հարկատուն է։

«Ակնհայտ է, որ որևէ պետականամետ դիրքորոշում ունեցող իշխանություն չի կարող նման վարքագիծ դրսևորել թիվ 1 հարկատուի նկատմամբ։ Այս տեսարանը տեսնելուց հետո այդ ո՞ր օտարերկրյա ներդրողն իրեն թույլ կտա ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այս պահին, երբ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ կարիք ունի արտասահմանյան ներդրումների՝ այս տեսարանն է տեսնում, և չգիտեմ էլ սրանից հետո Հայաստանում որևէ ներդրում առհասարակ կլինի՞, թե՞ չէ, որովհետև պղնձամոլիբդենային կոմբինատն ինքը արտասահմանյան կապիտալով ձեռնարկություն է»,-ասաց նա։

Աննա Գրիգորյանը չբացառեց, որ կոմբինատի աշխատակիցներից պահանջեն ցուցմունք տալ Մանվել Փարամազյանի դեմ, քանի որ նման գործոլաոճ արդեն դրսևորել են․ մինչև այս ներխուժումն էլ սյունեցիներին խումբ-խումբ բերման են ենթարկել, բռնությամբ ցուցմունք կորզել, որի հետևանքով մեղադրանք են առաջադրել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։

«Որոտան համայնքից անգամ տեսագրություններ տարածվեցին․ գրեթե ամբողջ գյուղին հարցաքննության էին ենթարկում և ովքեր, հատկապես պատերազմից հետո, սոցիալական աջակցություն էին ստացել համայնքապետարանից, նրանց ստիպում էին, որ ցուցմունք գրեն համայնքապետի դեմ՝ իբրև թե կաշառք է տվել, մինչդեռ սոցիալական աջակցությունը կարող էր երկու-երեք ամիս առաջ եղած լինել, երբ ընտրությունների մասին քննարկում առհասարակ չկար, «Հայաստան» դաշինքն էլ ձևավորված չէր»,-ասաց նա։

Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ ուղղակի աբսուրդ է, երբ տեռորի մթնոլորտում կանանց, երեխաներին շարունակաբար ստիպում են ցուցմունք տալ, որպեսզի ինչ-որ մեկին բերման ենթարկեն։

Այս համատեքստում Փաշինյանը հոբելյանական՝ 10-րդ, աշխատանքին՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակեց Արգիշտի Քյարամյանին, և ներկայացնելիս ասաց, որ ավելի խիստ մոտեցումներ պետք է լինեն։

«Ես չգիտեմ՝ «Արիության մեդալ» կրող անձը խիստ մոտեցումներով ինչպիսին կլինի»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Նա նաև նկատեց, որ ԱԱԾ հատուկջոկատայինները, երբ գնում էին Զանգեզուրի կոմբինատ, վստահաբար անցել են Սև լճի սահմանով, որտեղ ադրբեջանցիներ են։

«Բա այդպես զինված, այդպես դիմակներով ադրբեջանցիների դեմ կանգնեին ու իրական թշնամիների դեմ պայքար մղեին, Սև լճում դեռևս ադրբեջանցիները նստած են»,-ասաց նա։

Նաև հիշեցրեց, որ, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Սյունիքի մարզպետի որդին գիշերը կրակոցներ է արձակել, մարդկանց է վնասել և հիմա նրանք հիվանդանոցում են․ այդ մարդուն այդ դիմակավոր անձինք չե՞ն տեսել, չե՞ն նկատել, ինչ-որ չենք լսել, որ նրանց այդ կերպ բերման ենթարկեին, ինչպես սովորական, գործարանում աշխատող մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը