Քաղաքական

15.07.2021 09:53


Արմեն Դիլանյանի՝ Դավիթ Հարությունյանի ելույթի պատասխան տեքստը նախապես էր պատրաստվել. «Հրապարակ»

Արմեն Դիլանյանի՝ Դավիթ Հարությունյանի ելույթի պատասխան տեքստը նախապես էր պատրաստվել. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը: Դատարանը կողմերի ամփոփիչ ելույթները լսելուց հետո հեռացավ խորհդակցական սենյակ։

Որոշման հրապարակման օրվա մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, ՍԴ նախագահ Դիլանյանն ասաց, որ սրա հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն կտրամադվի։

Նշենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք»,«Հայոց հայրենիք» կուսակցությունները բողոք էին ներկայացրել` ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Ինչպես նախորդ նիստերին, երեկվա նիստին ևս հետաքրքիր ելույթով հանդես եկավ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ , արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը շատերի բնորոշմամբ վերջին օրերին ՍԴ նիստերի դահլիճում իրավաբանության անվճար դասընթացներ է կազմակերպում։

«Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է, Պուտինի բառերով՝ «բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր»: Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, ստանձնվող պարտավորությունների և զիջումների՝ միջազգային պայմանագրերի մասին, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն Ազգային ժողովն են և դուք՝ Բարձր դատարան: Այս գործով Ձեր որոշումից է կախված՝ նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը: Այստեղ ուզում եմ լինել բացարձակ անկեղծ: Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, և ԱԺ կազմը ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա դուք զրկում եք Հայաստանին Ազգային ժողովի քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանի քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից: Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է: Մյուս կողմից՝ հենց դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար, քանի որ ընտրողների ընդամենը 26%-ով ձևավորված միաբևեռ Ազգային ժողովում որոշումը փաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից:

Այսպիսով, նման որոշում կայացնելով՝ ձեզ եք զրկում այդ պատմական վճռորոշ փաստաթղթերը քաղաքական համակարգում քննարկման և շտկման հնարավորությունից՝ ողջ բեռը վերցնելով ձեր վրա: Հետևաբար՝ ուզում եմ արձանագրենք՝ ձեր ամենաբարդ որոշումն այսօրվա քննարկվող հարցը չէ: Ձեր մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո` հաշված ամիսներ անց»,-իր խոսքում նշեց Հարությունյանը։

Հատկանշական է , որ Հարությունյանի ելույթին անմիջապես արձագանքեց ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը, նույն Դիլանյանը, որը 6-օրյա այս նիստերի ընթացքում գրեթե լուռ էր ու երեկ էլ չարձագանքեց, ասենք, ընդդիմության մյուս ներկայացուցիչների ելույթներին։

Ինչպես նշվեց, Դիլանյանի արձագանքը Հարությունյանի ելույթին անմիջապես եղավ, բայց այստեղ հետաքրքիրն այն է, թե խոսքն ինչ ելույթի մասին է։ Դիլանյանի ելույթից մամուլում առկա տեսանյութերում էլ պարզ երևում է, որը ՍԴ նախագահն ուղղակի աչքը չի կարողանում հեռացնել իր համակարգչի առջև դրված թղթից, որտեղից էլ ընթերցում էր տեքստը, արձագանքում Հարությունյանին։

Դահլիճում էլ կարծես մի պահ բոլորը նկատելով սա սկսեցին կամաց ծիծաղել, ինչը Դիլանյանը չնկատեց կամ չուզեց դա անել։

Սրա վերաբերյալ թե դահլիճում, թե դրանից դուրս մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, ասում ՝ այդ ինչպե՞ս հասցրեց Դիլանյանը այդքան կարճ ժամանակում ելույթ գրել, մի մասն էլ պնդում է՝ տեքստը գրել էր ոչ թե Դիլանյանը, այլ իշխանությունների սրտի մեկ այլ դատավոր Վահե Գրիգորյանը։

Այս վարկածն առաջ քաշողները իրենց պնդումը հիմնավորում են Դիլանյանի ելույթում առկա ձևակերպումների ու Գրիգորյանի լեքսիկոնում տեղ գտնող ձևակերպումների նմանությունը։ Ասում են՝ թեպետ Գրիգորյանը Դիլանյանից ճարտար է, բայց նա նույնպես ցանկության դեպքում անգամ չէր կարող երեք րոպեում ընթերցելու համար նման ելույթ գրել, ուստի կարելի է ենթադրել, որ իրականում տեքստը գրվել է շատ ավելի շուտ՝ լավ իմանալով Հարությունյանի կոշտ արձագանքի մասին»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը