Քաղաքական

13.07.2021 19:54


Դեսպանները հրավիրվել են ՀՀ ԱԳՆ՝ Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցի առնչությամբ

Դեսպանները հրավիրվել են ՀՀ ԱԳՆ՝ Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցի առնչությամբ

Ադրբեջանի իշխանությունների կողմից հուլիսի 9-10-ը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։

«Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնել է նաև քայլեր՝ հասցնելու Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը համապատասխան այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով։

Այս խորագրի վերջին նյութերը