Քաղաքական

12.07.2021 17:34


Եթե չլինեին ընտրակեղծիքները, որոնք քննում է ՍԴ-ն, Փաշինյանը չէր հավաքի այդքան ձայներ

Եթե չլինեին ընտրակեղծիքները, որոնք քննում է ՍԴ-ն, Փաշինյանը չէր հավաքի այդքան ձայներ

Ես վստահ եմ, որ եթե չլինեին ընտրակեղծիքները, որոնք քննարկվում են ՍԴ նիստում, Նիկոլ Փաշինյանը չէր հավաքի այնքան ձայներ, որքան նշված են ԿԸՀ որոշման մեջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։

«Ամենաակնհայտ խախտումները վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո պարտականությունների ժամանակավոր կատարող մնալը և այդ ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումն է, ինչը մեծ ազդեցություն է ունեցել ընտրողների կամքի վրա, ատելության ահռելի խոսքը, որն ստեղծել է վարչապետը, վախի մթնոլորտը, ուղղորդված քվեարկությունները, զինծառայողների քվեարկության հարցը, որ տեղի են ունեցել խախտումներով և կարող են ազդել ընտրությունների ելքի վրա, վավեր անձնագրերի հետ կապված հարցերը, տեխնիկապես ձեռքով մուտք արվող անձնագրային տվյալները, ինչի արդյունքում անձանց և լուսանկարների իդենտիֆիկացումը դժվարանում է․․․ անվերջ կարելի է թվարկել»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Սյունիքի համայնքապետերի հետապնդումները, ինչպես նաև Մեղրիի արդեն նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանին ապօրինաբար կալանավորելը Ռոբերտ Հայրապետյանը համարում է պրիմիտիվ վրեժխնդրության հետևանք։

«Սեփական նեղ, չբավարարված ամբիցիաներին հագուրդ տալու տրամաբանության մեջ եմ այս ամենը տեղավորում։ Նախ՝ ԿԸՀ-ն, չսպասելով Մխիթար Զաքարյանին և պաշտպանին, կայացրել է նրան կալանավորելու թույլտվության վերաբերյալ որոշում, որից հետո ոստիկանությունը հրավիրել է Մխիթար Զաքարյանին, Մխիթար Զաքարյանը պայմանավորված ժամին պաշտպանի հետ ներկայացել է, սակայն, ցավոք, դուռը նրանց առջև չի բացվել։ Մի քանի րոպե սպասելուց հետո դուռը նրանց առջև բացվել է, Մխիթար Զաքարյանի հանդեպ բռնություն գործադրելով նստեցրել են մեքենան, որից հետո մոտ 4-5 ժամ անհայտ է եղել, թե որ ուղղությամբ են տարել Մխիթար Զաքարյանին։ Սա շոու կազմակերպելու և սեփական չբավարարված կրքերին հագուրդ տալու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ուղիղ գիծն է ու արտահայտությունը»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Նա համոզված է, որ սկսվել է Սյունիքի հանձնման պրոցեսը, որը ներառում է նաև Ադրբեջանին Սյունիքով միջանցքի տրամադրումը։

«Որովհետև Սյունիքը միակ մարզն է եղել, որի համայնքապետերը փորձել են ամեն գնով պաշտպանել իրենց մարզի սահմանները։ Մենք այսօր տեսնում ենք, որ բացառապես ամեն գնով իրենց մարզի սահմանները պաշտպանող համայնքապետերի նկատմամբ է սկսվել քրեական հետապնդումը, և այս փուլում միայն Սիսիանի համայնքապետն է, ում նկատմամբ որևէ մեղադրանք առաջադրված չէ, բայց քննչական գործողություններ ակտիվ կերպով կատարվում են»,-ասաց նա։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ոչ միայն Մխիթար Զաքարյանին կալանավորելու թույլտվություն տալու որոշումն է նրա բացակայությամբ կայացրել, այլև վստահեցնում է, որ ընտրական գործընթացում խախտումներն այնքան շատ չեն, որ ազդեցություն ունեցած լինեն արդյունքների վրա։

«Մուկուչյանի պաշտոնավարման ժամանակահատվածում չեմ հիշում մի դեպք, երբ որևէ պատգամավորի թեկնածուի կալանավորելու միջնորդություն ներկայացված լինի, և ԿԸՀ-ն այն բավարարած չլինի։ Դա հիմք է տալիս պնդելու, որ ներկայացված փաստերը լրիվ և օբյեկտիվ չեն ուսումնասիրվում ԿԸՀ կողմից, և, ըստ էության, երեկ ՍԴ դատավորներից տիկին Պետրոսյանը շեշտադրում արեց ԿԸՀ ընտրության արդյունքների ամփոփման որոշումների վրա, որտեղ նշեց, որ վերջին 3 ընտրությունների որոշումների իրավական պատճառաբանական մասը քոփի փեյստ է արված։ Սա ցույց է տալիս, որ, միգուցե ժամանակի սղության պատճառով, կամ այլ նպատակներով ԿԸՀ-ն ուղղակիորեն համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրում այն փաստերը, որոնք պետք է հիմք հանդիսանան այդ հարցով որոշում կայացնելու համար»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

ՍԴ դատավորների անաչառության վերաբերյալ որևէ մեկնաբանություն իրավագետը հրաժարվեց անել՝ կապված թե՛ աշխատակարգային որոշումների, թե՛ այլ հարցերի քննարկման հետ․ որևէ գնահատական չտվեց, քանի որ իրավական գործընթացը դեռ ընթացքի մեջ է։

ՍԴ դատավորների շտապողականությունը՝ նիստեր անցկացնել նաև շաբաթ-կիրակի օրերին, Ռոբերտ Հայրապետյանին չի զարմացնում, պատճառաբանում է, որ ՍԴ մասին սահմանադական օրենքով դատարանը սահմանափակված է ընտրությունների արդյունքների մասին որոշման սահմանադրականության հարցը քննել 15 օրում, դիմումը մուտք է արվել հուլիսի 2-ին, հետևաբար, հուլիսի 17-ին ամենաուշը ՍԴ-ն պետք է հրապարակի որոշումը։

Ռոբերտ Հայրապետյանի համար բավարար կլիներ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում, որը ինչ-որ կերպ կարձանագրեր այն խախտումները, որոնք աղաղակում են, և, արդյունքում, առաջ կգար ընտրությունների արդյունքների անվավերության հարց․ կարող է դա լինել ուղղակի ընտրությունների արդյունքները չճանաչելու որոշում, կարող է լինել մանդատների բաշխման կարգ սահմանելու վերաբերյալ որոշում, կարող է լինել նաև ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու մասին որոշում։

Այս խորագրի վերջին նյութերը