Լրահոս

12.07.2021 15:00


Կատարել եմ տարբեր աշխատանքներ՝ սկսած բանվորությունից. վանաձորցի երիտասարդն իր ձեռքերով ստեղծել է երազանքի մեքենան

Կատարել եմ տարբեր աշխատանքներ՝ սկսած բանվորությունից. վանաձորցի երիտասարդն իր ձեռքերով ստեղծել է երազանքի մեքենան

Վանաձորցի 28-ամյա Թևոս Ասատրյանը տարիներ առաջ Bugatti ավտոմեքենայի լուսանկար էր տեսել, հավանել էր ու մտադրվել էր՝ ինքը ևս պետք է ունենա այդ մեքենայից, սակայն ոչ թե որևէ վաճառասրահից գնելու տարբերակով, այլ սեփական ձեռքերով պատրաստելով:

Կատարված աշխատանքի, մասնագիտությունից հեռանալու ու նոր գաղափարների մասին 168.am-ը զրուցել է Թևոս Ասատրյանի հետ:

–Միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժնում եք սովորել, սակայն ուսումը թողել եք կիսատ: Ո՞րն է եղել պատճառը:

–Երկու անգամ անվճար ընդունվել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և երկու անգամ էլ ինձ համար ծանր որոշում կայացնելով՝ դուրս եմ եկել, որովհետև հասկանում էի՝ չեմ կարողանում կենտրոնանալ ուսման վրա։ Կարծում էի, որ այն ուղղակի հեռացնում էր ինձ իմ նպատակներից, ինչն էլ ինձ շատ էր անհանգստացնում: Ֆիզիկան սիրել և սիրում եմ, մինչ օրս ուսումնասիրում եմ: Ինձ դուր էր գալիս այդ բաժնում սովորելը, բայց ես փորձում էի հնարավորինս շուտ հասնել մեքենա ստեղծելու նպատակին ու չէի կարող սպասել 4 տարի, մինչև վերջացնեի համալսարանը:

–Համատեղել հնարավո՞ր չէր, հիմա չեք փոշմանե՞լ:

–Հաստատ չեմ փոշմանել. ներկա պահին առաջարկ կա Միչիգանի համալսարանի ինժեներական բաժնում սովորելու, բայց, ճիշտն ասած, դա ինձ կխանգարի:

–Կարելի՞ է ենթադրել, որ ֆիզիկայով հետաքրքրված եք եղել դեռևս մանկուց, ու դա հետագայում տվել է իր արդյունքը՝ զրոյից մեքենա սարքելու տեսանկյունից:

–Դեռ փոքր հասակից կարդում էի «Հետաքրքրաշարժ ֆիզիկա»-ի հատորները, ուսումնասիրում մեխանիկական սարքավորումներ պատկերված ցանկացած լուսանկար, էլեկտրականությունը, կատարում փորձարկումներ, որպեսզի կարողանամ հասկանալ՝ ինչպե՞ս կարող եմ պատրաստել այն, ինչն ուզում եմ:

–Քանի՞ տարվա ընթացքում կարողացաք Ձեր երազանքի մեքենան իրականություն դարձնել: Տարբեր սարքավորումների համար գումար ինչպե՞ս հայթայթեցիք:

–Ավտոմեքենան հավաքելու համար պահանջվել է 7 տարի, ընտանեկան բիզնեսը մի կողմ թողեցի, որոշեցի, որ ինքս պետք է աշխատեմ այդ գումարը: Գումար աշխատելու համար կատարել եմ տարբեր աշխատանքներ՝ սկսած բանվորությունից, վերջացրած մասնագիտականով:

–Ուրիշ ի՞նչ կցանկանայիք սարքել:

–Ներկա պահին ստեղծում եմ նյութատեխնիկական բազա` զրոյից տուրբիններ, գեներատորներ, որոնք որ պետք է օգտագործվեն իմ 2-րդ նպատակի՝ մոտ 1 մեգավատտ հզորությամբ հողմաէլեկտրակայան պատրաստելու համար:

–Մարդիկ կա՞ն, ովքեր ցանկանում են, որ նույն մեքենայից կամ այլ մոդելի իրենց համար ևս պատրաստեք:

–Առաջարկներ շատ են եղել, բայց ինձ այդքան էլ չի հետաքրքրում մեքենա սարքելով գումար աշխատելը, դա ես չեմ պլանավորել երբեք: Ես չեմ շեղվի իմ ճանապարհից, ունեմ հստակ ծրագիր իմ հետագա գործունեության վերաբերյալ ու ինձ համար կարևորը նպատակներին հավատարիմ մնալն է:

Այս խորագրի վերջին նյութերը