Կարծիք

17.06.2011 10:25


Աղդամը մեր հայրենիքը չէ՞

Աղդամը մեր հայրենիքը չէ՞

Մի քանի օրից ռուսական Կազանում` Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Որոշ շրջանակներ լուրջ հույսեր են կապում այդ հանդիպման հետ` չնայած երկու երկրների ղեկավարների տեւական բանակցությունները, ինչպեսեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը ցայսօր որեւէ տեսանելի արդյունք, ուստիեւ` լավատեսության հիմք չեն տվել: Եվ դա միանգամայն հասկանալի է. հակամարտության սկզբից ի վեր արցախյան հիմնախնդրի լուծման` կողմերի տեսլականը տրամագծորեն տարբեր է:

Լուծում ասելով` Հայաստանը միանշանակ հասկանում է ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչում, իսկ Ադրբեջանը` հակամարտության գոտուց հայկական ուժերի դուրսբերում եւ Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր գերիշխանության վերահաստատում: Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքում գործնականորեն անդրդվելի է եւ պատրաստ չէ կես քայլ անգամ ընդառաջ գնալու կամ զիջելու դիմացինին: Մի խոսքով` վիճակը դասական առումով փակուղային է, եւ դա հասկանում են բոլորը:

Ուրեմն ինչպե՞ս քանդել գորդյան հանգույցը: Տեսականորեն երկու միջոց է մնում` կամ խնդիրը պարտադրողաբար «լուծել» կողմերից մեկի օգտին, կամ նոր պատերազմ «սարքել»: Միանգամից նկատենք, որ թե մեկի, թե մյուսի համար նախադրյալներ առայժմ, կարծես թե, չկան` առաջինը հղի է ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեզրկման վտանգով, երկրորդը` ուժի որոշ կենտրոնների տնտեսական, քաղաքական կամ ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական շահերին սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով:

Եվ եթե հիմա հակիրճ բնութագրելու լինենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության բարձր մակարդակի հանդիպումների, եռանախագահների տարածաշրջանային այցերի, խորհրդատվությունների, մշտադիտարկումների ողջ համալիրը, այն կարելի է բնորոշել ոչ այլ կերպ, քան որպես հույսերի ու հուսախաբությունների շրջափուլ: Ասել է թե` բանակցային գործընթացը մեկընդմիշտ կանգ է առել կամ, ավելի ստույգ, շարժվում է, բայց առաջ չի գնում, տեղապտույտ է տալիս` ճիշտ ինչպես մաշված անվադողը ջրափոսում: Իսկ միգուցե Արցախի հիմնախնդրի լուծումը հենց դրա չլուծվածությո՞ւնն է, ինչը ոմանց համար, թերեւս, շատ էլ ձեռնտու կարգավիճակ է:

Այնպես որ, կազանյան հանդիպումը` որքան էլ այս անգամ դա ասոցացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների վերջին, թվում է, աննախադեպ ազդու, սթափեցնող հայտարարության հետ, կարծում եմ, լինելու է հերթական անպտուղ ձեռնարկը, եթե նույնիսկ երկու նախագահների կողմից գրավոր համաձայնություն տրվի Մադրիդյան կոչվող հիմնարար սկզբունքների նորացված տարբերակին: Խոշոր հաշվով` Սարգսյանն ու Ալիեւը դարձյալ «տուն» են վերադառնալու դատարկաձեռն: Չհաշված «որոշ առաջընթացի» մասին հերթապահ խոսքեր կամ ապակառուցողական դիրքորոշման մեջ միմյանց հասցեին ուղղված մեղադրանքներ հնչեցնելը:

Սակայն զուր են նման կարգի մեղադրանքներն ու առաջընթացի սպասելիքները: Մխացող այդ թնջուկն ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի, եւ ժամանակն է, որպեսզի խնդրի լուծմամբ իրապես շահագրգիռ կառույցներն ու անձինք հստակ գիտակցեն (եթե, իհարկե, մինչեւ հիմա չեն գիտակցել), որ 21-րդ դարասկզբի հարափոփոխ աշխարհում ժամանակից կտրված, հին բանաձեւերն ու մտակաղապարները պարզապես չեն կարող աշխատել: Արցախյան օրակարգն այսօր հրամայաբար պահանջում է ոչ միայն վերանայել, վերաիմաստավորել խնդիրը, այլեւ դիտարկել այն նորովի` ամբողջ խորությամբ ու ներքին տրամաբանությամբ, մասնավորապես Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրեայի, Հարավային Սուդանի եւ համանման մյուս նախադեպերի լույսի ներքո:

Այո, 1990-ական թվականներից ի վեր աշխարհում շատ ջրեր են հոսել, մտածողություն է փոխվել, ինքնորոշման իրավունքով անկախացած նոր պետություններ են ի հայտ եկել: Իսկ Ադրբեջանը դեռ տարածքային ամբողջականության մասին իր հին մուղամն է կլկլացնում, եւ նրան` հնարավոր է ոչ այնքան հաճույքով, բայց ձայնակցում է միջազգային հանրությունը` փոխանակ աղբանոց նետելու խնդրի կարգավորման «ժամկետանց» դեղատոմսերը եւ գոնե հասկացնելու Ադրբեջանին, որ տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ արժեք չէ եւ ամենեւին չի նշանակում սահմանների անխախտելիություն: Այդ սկզբունքն ի զորու չեղավ փրկել անգամ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի նման պետություններին:

Այդ առումով ուշագրավ է ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի տեսակետը, ով խոսելով հելսինկյան երկու հայտնի սկզբունքների մասին, նկատել է. «Պետք է շեշտը դնել դրանց կիրառելիության եւ հատկապես կենսունակության վրա, պարզել, թե յուրաքանչյուրը որքանով է կենսունակ ոչ վերացականորեն, այլ որոշակի պատմաաշխարհագրական իրավիճակում»: Հիմա Ադրբեջանը Մադրիդյան հայեցակարգի երեք հիմնական դրույթներից «մատի փաթաթան» է դարձրել միայն մեկը` բնականաբար տարածքային ամբողջականության սկզբունքը, ասես երկրագունդը հենց դրա շուրջ է պտտվում: Մյուս երկուսը` ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կամ անտեսում, շրջանցում է, կամ էլ մեկնաբանում սեփական ժողովրդի քիմքին հաճո հանգով:

Նախագահների մոտալուտ հանդիպումից առաջ շատ է խոսվում հետագա տարածքային զիջումների հնարավորության մասին: Այսպես, ըստ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, Ադրբեջանը համաձայնություն է տվել վերադարձնել Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի տարածքները` հայկական կողմի որոշ ազատագրված տարածքների հանձնման դիմաց: Հետաքրքիր նորություն է` չնայած հավաստիության առումով խիստ կասկածահարույց է, որովհետեւ Ադրբեջանը դժվար թե փոխանակման դնի իրենը համարող երկու տարածքներ եւ արդյունքում դրանցից մեկը վերադարձնի հայերին: Իսկ եթե, այնուամենայնիվ, կա նման մտադրություն, ապա միայն պատկերացնել կարելի է, թե ազատագրված տարածքներից ինչպիսի ծանրակշիռ «ավարի» դիմաց կարող է նման քայլի գնալ մեր հեռատես ու խորամանկ հարեւանը:

Ակամայից հիշեցի Սերժ Սարգսյանի ոչ այնքան վաղ անցյալի դաժան խոստովանությունը, թե` «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Ժամանակին այդ արտահայտությունը գրեթե թեւավոր խոսքի էր վերածվել, իսկ ավելի լուրջ շրջանակներում մեկնաբանվում էր իբրեւ տարածքներ հանձնելու նախավարժանք, որն, ըստ էության, հասարակական տրամադրությունը շոշափելու առաքելություն ուներ:

Մի՞թե ոչ պակաս հեռատես մեր նախագահի «թևավոր խոսքը» հենց այսօրվա համար էր ասվել: Կապրենք` կտեսնենք:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը