Տնտեսական

08.07.2021 10:08


Երբ դրամն արժեզրկվում էր, բարձրանում էին ապրանքների գները, երբ սկսվել էր արժևորումը, գները մնացել են նույնը, առանձին դեպքում՝ նույնիսկ աճել են. տնտեսագետ

Երբ դրամն արժեզրկվում էր, բարձրանում էին ապրանքների գները, երբ սկսվել էր արժևորումը, գները մնացել են նույնը, առանձին դեպքում՝ նույնիսկ աճել են. տնտեսագետ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ, կազմել է 6.5 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8 տոկոս գնանկում. այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Նկատենք, որ միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են 8.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ արձանագրել ընդամենը 2.4 տոկոս գնանկում: Ի դեպ, վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ 13.8 տոկոս և 5.6 տոկոս գնանկումները:

Եթե մի շարք ապրանքախմբերի դեպքում հունիսը մայիսի համեմատ արձանագրել է գնանկում, ապա ձկան և ծովամթերքի, մսամթերքի, յուղերի և ճարպերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերի պարագայում գնաճը պահպանվել է:

2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5 տոկոս գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: Ուշագրավ է, որ 2021թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2 և 4.5 տոկոսով, իսկ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2 տոկոս և 47.1 տոկոս գնաճ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՎԾ վերջին տվյալներին՝ նկատեց, որ 2020 թվականը ՀՀ տնտեսության համար ճգնաժամային տարի էր, և առանձին ոլորտներ լուրջ կորուստներ են ունեցել, իսկ 2021 թվականի ընթացքում դեռևս չեն վերականգնվել անցած տարվա կորուստները:

Տնտեսագետը, սակայն, համոզված է՝ գնաճի վերահսկողության ճիշտ քաղաքականությունը կզսպեր գնաճը. «Այս տարվա գնաճը հունվար-հունիս ամիսներին կազմում է 5.7 տոկոս, իսկ 2021 թվականի հունիսը 2020 թվականի հունիսի նկատմամբ կազմում է 6.5 տոկոս: Սա վերջին հինգ տարիների համեմատ աննախադեպ բարձր գնաճ է, որն արձանագրվել է, ինչը վկայում է, որ Հայաստանում գնաճի վերահսկողությունը, կամ գների կայունության ապահովման քաղաքականությունը ձախողվել է:

Իսկ ո՞վ է պատասխանատու գների կայունության կամ գնաճի զսպման համար. թիվ մեկ պատասխանատուն, ըստ Սահմանադրության, Կենտրոնական բանկն է, և ԿԲ վարած քաղաքականությունն այս տարի ուղղակի ձախողվել է»:

Ըստ նրա՝ մասնագիտական և քաղաքական շրջանակները պետք է ԿԲ-ից հետաքրքրվեն, թե ինչո՞ւ չի կարողանում ապահովել նպատակադրած 4 տոկոս գնաճը:

«Օրինակ, մեր հարևան Թուրքիայում մեկ տարվա ընթացքում ԿԲ երեք նախագահ փոխվեց, որովհետև նրանք ձախողել էին թուրքական լիրայի կուրսի և, առհասարակ, դրամավարկային քաղաքականությունը»,-նշեց Ս. Պարսյանը:

Դիտարկմանը, թե ԿԲ-ն վստահեցնում է, որ իրականացրել է Սահմանադրությամբ ամրագրված գործառույթները՝ ապահովելով որոշակի կայունություն, կիրառում է տարբեր գործիքակազմեր, այդ թվում՝ կատարում է ինտերվենցիաներ և բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, տնտեսագետը հակիրճ արձագանքեց. «Հայտնի անեկդոտ կար՝ վիրահատությունը լավ անցավ, բայց հիվանդը մահացավ»:

Անդրադառնալով գնաճային գործոններից դրամի արժեզրկմանը՝ տնտեսագետը ուշադրություն հրավիրեց հետևյալ իրողության վրա. «Երբ դրամը տարեսկզբին արագ տեմպերով արժեզրկվում էր, օրեցօր նաև բարձրանում էին ապրանքների գները, իսկ վերջին շաբաթների ընթացքում, երբ սկսվել էր հակառակ գործընթաց՝ դրամի արժևորում, գները մնացել են նույնը, առանձին ապրանքների դեպքում՝ գները նույնիսկ աճել են»:

Սուրեն Պարսյանը նկատեց, որ այս գնաճը, օբյեկտիվ պատճառներից զատ, ունի նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնցից է մենաշնորհների առկայությունը, տնտեսվարողների վարքագիծը, իսկ մրցակցության հանձնաժողովն ու կառավարությունը, որոնք պետք է այս հարցերի կարգավորմամբ զբաղվեին, անգործության են մատնված:

«Մենաշնորհներն օրեցօր ավելի են ուժեղացնում իրենց դիրքերը շուկայում, քանի որ վերահսկողություն չկա։ Ավելին՝ մենաշնորհային շուկայի որոշ խաղացողներ այս ընտրությունների արդյունքներով կհայտնվեն խորհրդարանում և իրենց ազդեցությունը կթողնեն քաղաքական, տնտեսական որոշումների վրա:

Կարծում եմ, նման ձևով տնտեսություն, պետություն չեն կարող կառավարել, կառուցել. պետք է բիզնեսը և պետական համակարգը տարանջատվեն, և ոչ թե օլիգարխիան սկսի տնտեսական որոշումներ վրա ազդել, օրենքներ գրել: Բնականաբար, նրանք իրենց շահերից բխող օրենքներ են գրելու. մենք չպետք է ակնկալենք, որ մոտակա տարիների ընթացքում, եթե նրանք մնան խորհրդարանում կամ կառավարության մեջ, մրցակցության վիճակը բարելավվելու է, մենաշնորհները թուլացնելու են իրենց դիրքերը. նրանք ինչպես ուժեղ կային, այնպես էլ մնալու են, և նույնիսկ նոր շուկաներ են վերցնելու, նոր ապրանքներ են ներկրելու»:

Տնտեսագետից հետաքրքրվեցինք նաև, թե առկա իրողությունների պարագայում ի՞նչն է ոգեշնչում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, որը պարբերաբար խոսում է երկնիշ տնտեսական աճի, գնաճի կայունացման մասին, նա պարզաբանեց. «Այս տարվա հունվար-մայիս ամիսներին մենք ունենք 4.3 տոկոս տնտեսական ակտիվություն, այն դեպքում, երբ մեր հարևան Վրաստանում այս նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը կազմում է 11.5 տոկոս:

Կարծում եմ՝ Քերոբյանի կանխատեսումները երկնիշ աճի մասով վերաբերում էին Վրաստանին, ոչ Հայաստանին, որովհետև Հայաստանի դեպքում ուղղակի նման ցուցանիշներ չունենք։ Ավելին՝ այս տարվա պետական բյուջեի կանխատեսմամբ, որ օրեր առաջ կառավարությունը հաստատեց, 6 տոկոս է, այսինքն՝ եթե Քերոբյանը կարծում է, որ մենք երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու, ինչո՞ւ չի առաջարկում կառավարությանը, որ պետական բյուջեի փաստաթղթում ֆիքսվի երկնիշ թիվ և ոչ թե՝ վեց տոկոս. 6-ը հաստատ երկնիշ թիվ չէ:

Կարծում եմ՝ կարելի է համեմատության մեջ նայել, ի դեպ, նշեմ, որ 2020 թվականի ընթացքում Վրաստանի անկումն ավելի քիչ էր, քան Հայաստանի անկումը»:

Այս խորագրի վերջին նյութերը