Քաղաքական

07.07.2021 15:06


Եռակողմ համաձայնությամբ Գեղարքունիքում այս պահին տեղի են ունենում սահմանների հստակեցում, որից հետո ռուս սահմանապահները կտեղակայվեն, նրանք արդեն Գեղարքունիքում են

Եռակողմ համաձայնությամբ Գեղարքունիքում այս պահին տեղի են ունենում սահմանների հստակեցում, որից հետո ռուս սահմանապահները կտեղակայվեն, նրանք արդեն Գեղարքունիքում են

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ համայնքում կան ռուս սահմանապահներ, նրանց թիվը մեծ չէ, բայց տեղեկություններ կան, որ շուտով նրանց թիվը կավելանա։

«Իրենք դեռ տեղավորվելու են իրենց մնալու տեղը, դիրքերը իրենք են պահելու՝ ըստ պայմանավորվածության։ Էս դեպքում թիվը փոքր է, բաց իմ իմանալով պետք է շատանան»։

Համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին տեղեկություններ չի կարող հայտնել, որովհետև հարցերը դեռ քննարկման փուլում են՝ պարզ չէ, դեռ որտե՞ղ կտեղակայվեն։

«Պայմանագիր կա, որ ռուսական զորքը պետք է տեղակայվի, բայց քանակի կամ տեղանքի մասին տեղեկություն հստակ չունեմ։ Իրենց հրամանատարական կազմը մեզ դեռ պարզ չեն ասում»։

Այս պահին երկկողմ ամրաշինական աշխատանքները չեն շարունակվում, քանի որ հստակ չեն կողմերի տեղակայման վայրերը։ Համայնքի ղեկավարը ևս անհամբեր սպասում է՝ հասկանալու ինչպես են դիրքավորվելու, սահմանները վերջնական ինչպե՞ս են գծվելու։

«Չափումները եռակողմ են լինում, մասնագետներն են անում, բայց դրանց համայնքի ղեկավարը չի մասնակցում, չենք կարող տեղյակ լինել։ Եռակողմ հանձնաժողովն է համակարգում»։

Փաստացի՝ եռակողմ համաձայնությամբ տեղի են ունենում սահմանների հստակեցում, սահմանազատման գործողությունների առաջին` նախապատրաստական փուլ, որպեսզի հստակ լինի՝ կողմերի տեղակայման վայրերը։

«Եթե սահման է գծվում։ Եթե իրենք են առաջ՝ պետք է հետ գնան, եթե մենք ենք առաջ՝ մենք հետ կգանք։ Եռակողմ հանձնաժողովն արդեն պետք է կոնկրետ սահմանը որոշի, թե որքանով ճիշտ ու արդյունավետ կլինի՝ գնահատական տալ չեմ կարող»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն առաջարկել էր, որ տեղակայումից հետո էր սկսվելու սահմանազատման աշխատանքները, Ավետյանը նշեց, որ սահմանային ճշտումները մի քանի փուլով են անցկացվում։

«Այս ամենը վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, ուղղակի մի քանի փուլով է։ Հիմա ընդունենք՝ առաջինը երկու կողմը պետք է հետ գնա, տեղակայվեն, նոր անեն, կամ այս պահին որոշում են՝ ո՞ւր են տեղակայվելու։ Այս պահին դրանք են որոշվում։ Մի քանի փուլով է արվում։ Առաջին, երկրորդ փուլերը ո՞նց կարվեն՝ կոնկրետ չեմ կարող ասել»։

Ավետյանը հավելեց, որ վերջնական սահմանագծում համայնքի որևէ հատվածում չի իրականացվել։

«Փաստինֆո»-ն փորձեց ռուս սահմանապահների տեղակայման մասին տեղեկություններ ստանալ ՀՀ ՊՆ-ից, որտեղից էլ ուղղորդեցին կապ հաստատել ՀՀ Կառավարություն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Դեռ մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ ռուս սահմանապահները կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիտորդական խմբերը կարող են տեղակայվել Սոթք–Խոզնավար սահմանային գծում։ ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ–ներն էլ պետք է հայելային սկզբունքով հեռացվեն այնտեղից։ Փաստացի՝ ռուս սահմանապահները պատրաստ են տեղակայվել սահմանի երկայնքով, բոլոր նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներն էլ փաստում են՝ ռուս սահմանապահները ժամանել են ՀՀ։

Այս խորագրի վերջին նյութերը