Տնտեսական

06.07.2021 17:40


Հունվար-հունիսին գնաճը կազմել է 5,7 %. Բանջարեղենը թանկացել է 17,5 %-ով, ձուն՝ 41,3%-ով, շաքարավազը՝ 43,2%-ով (գրաֆիկ)

Հունվար-հունիսին գնաճը կազմել է 5,7 %. Բանջարեղենը թանկացել է 17,5 %-ով, ձուն՝ 41,3%-ով, շաքարավազը՝ 43,2%-ով (գրաֆիկ)

Այսօր հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ապրանքների գները աճել են 5,7 տոկոս, այսինքն՝ հունվար-մայիսի նկատմամբ գնաճի տեմպը ավելացել է 0,2 տոկոսով։

Այս պայմաններում խիստ մտահոգիչ է հատկապես սննդամթերքի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը, մասնավորապես՝ 2021 թվականի առաջին կիսամյակում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 8,8 տոկոսով։ Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ բանջարեղենի գինը աճել է 17,5 տոկոսով, մրգինը՝ 9 տոկոսով, ձուն՝ 41,3 տոկոսով, շաքարավազը՝ 43,2 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ +36,5 տոկոսով և այլն։

Սրանք այն ապրանքներն են, որոնցից մարդիկ չեն կարող հրաժարվել, հետևաբար հասարակությունն օրեցօր թանկացող ապրանքների համար շարունակում է վճարել ի հաշիվ այլ ապրանքներից հրաժարման, պարտքերի կուտակման և դրսից եկող օգնության։

Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,4 տոկոսով, թոշակներն և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Այսինքն՝ անցած տարվա եկամտով մարդիկ կարող էին ավելի շատ ապրանքներ գնել, քան հիմա։ Նման գնաճի պայմաններում էլ ավելի է վատթարանում հասարակության սոցիալապես խոցելի խմբերի կենսամակարդակը, ինչը նպաստում է արտագաղթի նոր ալիքի։

Նմանատիպ իրավիճակ է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 6.2 և 4.5 տոկոսով։ 2021թ. հունիսին 2020 թվականի հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝համապատասխանաբար 59.2 տոկոս և 47.1 տոկոս, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 29.1 տոկոս և 37.9 տոկոս գնաճ: Տարվա այս շրջանում, երբ եռում են գյուղատնտեսական աշխատանքները, վառելիքի գների կիսով չափ աճն ուղղակի հարվածում է վարկերի տակ կքած հայ գյուղացուն։

Հայաստանում կենտրոնական բանկի վրա է դրված գների կայունության ապահովումը։ Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովել 4 տոկոս (±1,5) գնաճի մակարդակ, այն այս պահին 5,7 տոկոս է:

Untitled-1(1)

Այս խորագրի վերջին նյութերը