Քաղաքական

06.07.2021 14:56


Այս պահին փաստացի հաստատված ունենք 45 գերի, մեր տեղեկություններով էլ, ապացույցներով էլ նրանց թիվն ավելին է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ (տեսանյութ)

Այս պահին փաստացի հաստատված ունենք 45 գերի, մեր տեղեկություններով էլ, ապացույցներով էլ նրանց թիվն ավելին է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ (տեսանյութ)

Մեր կառավարությունը պետք է ներսում ունենա համակարգված քաղաքականություն, քանի որ միշտ պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանը մանրադիտակով ուշադրության ներքո է պահում այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում։ Այս մասին այսօր ռազմագերիների թեմայով կազմակերպված քննարկմանը ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Համակարգված քաղաքականություն է պետք, որ ներքին հարցերը չխանգարեն արտաքին աշխարհում մեր հարցերին։ Մենք պետք է նկատի ունենանք, որ առաջնահերթ խնդիր է, որ թույլ չտանք, որ ադրբեջանական իշխանությունները այդ բոլոր հարցերը օգտագործեն լարվածություն սրելու համար, քանի որ դա Ադրբեջանի օրակարգն է»,-ասաց նա։

Արման Թաթոյանը կարևորեց, որ Հայաստանի կառավարությունը միջազգային այլ կառույցների աշխատանքը չանտեսի։ «Ադրբեջանական իշխանությունները, չհրապարակելով գերիների թիվը, որոնք իմ համոզմամբ ավելի շատ են, քան իրենք ներկայացնում են, նրանք այդ կերպ հոգեկան տառապանքներ են պատճառում, խաղում են այն ընտանքիների էմոցիաների հետ, որոնց զավակները անհետ կորած են»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանին ձեռնտու է թիվ չհրապարակելը, և նրանք ստում են միջազգային հանրությանը։ Ըստ նրա՝ մեր կառավարությունը պետք է պաշտոնական թիվ հրապարակի։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ևս կարևորեց համակարգված աշխատանքը և համաձայնեց Արման Թաթոյանի հետ, որ պետք է աշխատել բոլոր միջազգային կառույցների հետ, և նկատեց, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տարվող աշխատանքը տարածվում է ՄԱԿ-ի աշխատանքներում։ «Գերիների վերաբերյալ տեղի ունեցող գործընթացները բազմաշերտ են և իրենցից ներկայացնում են տարբեր ուղղություններով աշխատանքներ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է գերիների թվին, ապա Եղիշե Կիրակոսյանը հայտնեց. «Այս պահի դրությամբ, եթե նայում ենք գերիների թվերը և եթե հանենք վերադարձված վերջին 15 հոգուն, փաստացի հաստատված ունենք 45 հոգի, բայց նաև մեր տեղեկություններով էլ, ապացույցներով էլ, ունենք դեպքեր, որոնց վերաբերյալ է մեր մոտ առաջացած համոզմունքը, որ անձինք, որ պետք է այնտեղ լինեն, նրանց թիվը ավելին է»։

Նա նշեց, որ այդ հարցում պետք է հետևողական լինել, և ճիշտ չէ այդ հարցում վստահել Ադրբեջանին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացթողումներ է տեսնում գերիների ընտանիքների հետ աշխատանքի առումով։ Նա նկատեց, որ լուրջ հոգեբանական տրավմաների են ենթարկվել, նա տրավմաների զոհ է համարում նաև հասարակությանը և աշխատանքների անհրաժեշտություն տեսնում է նաև հասարակության շրջանում։ Նա կարևորեց հոգեբանական աջակցությունը ռազմագերիներին և նրանց ընտանիքներին և նշեց, որ այստեղ պետական քաղաքականություն չկա:

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ բազմաթիվ գերիների ընտանիքներ սոցիալական ծանր վիճակում են գտնվում, և թեև որոշակի աջակցություն եղել է, սակայն ավելի մեծ ծրագրերի անհրաժեշտություն կա։ «Թիվ չհրապարակելով՝ Ադրբեջանը թանկացում է ռազմագերիների գինը և նրանց թիվը ընդունելը համարում է զիջում հայկական կողմից, որի դիմաց իր ձեռագրին համահունչ որոշակի քաղաքական պահանջներ է դնում։ Այսինքն՝ դարձյալ փորձում է քաղաքական և այլ օգուտներ քաղել այս տեղեկատվության տրադրումից»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ նաև գերիների հետ կապված տեղի են ունեցել հանցագործություններ, և թվի հրապարակումը վատթար վիճակում կդներ Ադրբեջանին միջազգային կառույցներում։ Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է սեփական հանցագործությունները թաքցնել, թեև հայկական կողմը ունի ապացույցներ և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը