Քաղաքական

05.07.2021 21:24


«10 հոգով ոտքի տակ էին տալիս մեկին». գերությունից վերադարձածի պատմությունը

«10 հոգով ոտքի տակ էին տալիս մեկին». գերությունից վերադարձածի պատմությունը

Օրեր առաջ գերությունից վերադարձած 40-ամյա Սիսակ Ենգոյանն «Իրավունքի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել գերության մեջ և ինչպես են նրան վերաբերվել այնտեղ։

Ենգոյանը նշել է, որ դեկտեմբերի 13-ին են 60 հոգով գերի ընկել Խծաբերդում:

«Ուժերն անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման հետևանքով մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը»,–պատմել է նա:

Ենգոյանի խոսքով` Ադրբեջան տանելիս ադրբեջանցի զինվորականները զրուցել են հետները, ասել, որ իրենք էլ պատերազմ չեն ուզել։ Եղել են ադրբեջանցիներ, որոնք հայերեն են խոսել։

Իսկ մինչև Բաքվի բերդ հասնելը հայ գերիներին ծեծի են ենթարկել։ «Մինչև Բաքու հասնելը հասցրեցին ռազմական օբյեկտներ, այ էդտեղ սկսվեց ծեծուջարդը: Բառի բուն իմաստով ծեծ ու ջարդի ենք ենթարկվել երեք օր մինչև Բաքու հասնելը: Տասը հոգով փայտով, երկաթով, ոտքի տակ էին տալիս մի հոգու»,–ասել է նա` հավելելով, որ Բաքվի բերդում ծեծ չի եղել։

Ենգոյանի խոսքով` բացի այդ, ստիպել են, որ ժամերով կանգնեն մեկ ոտքի վրա, հայհոյել են:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Այս խորագրի վերջին նյութերը